Տնտեսական

Կառավարությունն Օրբելի, 23-ում գտնվող շենքը կօտարի մրցույթով. նախատեսվում է կառուցել հյուրանոց

Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, Արաբկիր, Օրբելու փողոց, 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները եւ դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302 955 հեկտար մակերեսով եւ 0.004 359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանընշեց, որ դա զինվորական հիվանդանոցի շենք-շինություն է: «Որոշում է կայացվել այն ներկայացնել աճուրդի՝ նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր: Ներդրողների կողմից կներկայացվեն առաջարկություններ, և տեղի կունենա մրցույթը: Այս պահին գույքը գնահատվում է մոտ 7.716 մլրդ դրամ, դրան գումարած  83 մլն դրամ հողամասային կադաստրային արժեքը: Օրբելի փողոցի վրա հյուրանոցային համալիր կառուցելու հնարավորություն է ստեղծվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Սուրեն Պապիկյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ ճիշտ չէ, որ գույքը վաճառվում է, բայց այդ նույն գույքը գրավ է պահվում, դա նվազեցնում է ներդրումային գրավչությունը: Նրա խոսքով, պարզապես պետք է նկարագրվի, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե ներդրողն իր պարտավորությունները չկատարի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, նշեց, որ անտրամաբանական է, երբ մարդը գալիս է գույքը ձեռք բերելու, իսկ կառավարությունն ասում է. «Չենք տալիս քեզ»: «Չի կարող այդպիսի բան լինել: Մարդը պետք է հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության գրավադրել, միջոցներ ներգրավել, որ իր ներդրումները կատարի».- ասաց կառավարության ղեկավարը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանընշեց, որ խնդիրը քննարկել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ: «Երբ մենք վերջին հինգ գույքը հանել ենք մրցույթի, տրամաբանությունն այն է եղել, որ գույքն օտարման ենթարկվում է որոշակի պայմաններով, և դրանց իրականացման վրա որոշակի վերահսկողության լծակ պետք է ունենա Պետգույքի կառավարման կոմիտեն: Այդ լծակը գրավն է, բայց դա չի բացառում, որ տվյալ գույքը ձեռք բերողի կողմից կարող է ևս գրավադրվել բանկում: Բաբայանը հավաստիացրեց, որ եթե նման խնդիր կա, ապա այն կլուծվի, և խնդիրը կարող է լուծվել պայմանագրի շրջանակներում», – ասաց աշխատակազմի ղեկավարը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ ստացվում է տարօրինակ պրակտիկա: «Ես էլ տեղյակ չէի, փաստորեն, որովհետև պայմանների կատարումն այլ մեխանիզմներով կարող ենք ապահովել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե նման պրակտիկա կա ներդրողների համար կբարդացնի պրոցեսը և պետք է վերանայել դա:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ Տիգրան Ավինյանի նկարագրած սցենարները սպառիչ չեն, և ռիսկերը ավելի լայն են: «Մեր դիրքորոշումը միանշանակ է, որ ձեռք բերողը հնարավորություն ունենա գրավադրել այն: Նարեկ Բաբայանը կներկայացնի առաջարկներ»,- նշեց Աղաջանյանը:

Վարչապետն ասաց, որ հիմա գույքեր են հանել մրցույթի, և պետք է շուկայի արձագանքը լսեն: Սուրեն Պապիկյանն առաջարկեց հանել հարցը օրակարգից և մյուս նիստին դնել քվեարկության, սակայն Վարչապետը նշեց, որ դրա կարիքը չկա, ընթացակարգային հարցերը կլուծեն: Արդյունքում՝ նախագիծն ընդունվեց:

Share