Բաժին. Տնտեսական

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԳՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 20/05/10

2010 թ. մայիսի 11-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Աշոտ Մկրտչյանը, Անդրանիկ Նորեկյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը, որը հաջորդել է դրամավարկային քաղաքականության ծրագրի հրապարակմանը, սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Առկա նոր տեղեկատվության հիման վրա գնահատականներ տրվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ միտումներին: Հիմնական մակրոտնտեսական զարգացումները համահունչ էին ԿԲ կանխատեսումներում նախանշված ուղղություններին: Տարեսկզբից դրամավարկային պայմանների աստիճանական խստացման պայմաններում, 12-ամսյա գնաճը շարունակաբար նվազում է և ՀՆԱ-ն վերականգնվում է կանխատեսվածից ավելի արագ տեմպերով: Այդուհանդերձ, գնաճային միջավայրը դեռևս պահպանվում է` պայմանավորված 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցությունների փոխանցմամբ և հիմնական կոմունալ ծառայությունների սակագների աճով:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2010 թ. ապրիլին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 6.8%` նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ նվազելով 2.0 տոկոսային կետով: Ընդ որում` պարենային ապրանքների գներն աճել են 0.7%-ով  (նպաստումը գնաճին 0.36 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների  գները` 1.8%-ով  (նպաստումը գնաճին 0.3 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 2.2%-ով (նպաստումը գնաճին 0.65 տոկոսային կետ): Ապրիլին արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորվել է  բնակչությանը գազային վառելիքի վաճառքի սակագնի 37.5% (նպաստումը ընդհանուր գնաճին 0.5 տոկոսային կետ),  խմելու ջրի մատակարարման սակագնի 5.5% (նպաստումը ընդհանուր գնաճին 0.03 տոկոսային կետ) աճով, ինչպես նաև մսամթերքի, շաքարավազի, կենդանական և բուսական յուղ ապրանքախմբի, մրգի և բենզինի ու դիզելային վառելիքի գների յուրաքանչյուրի գծով 0.1 տոկոսային կետ նպաստումներով ընդհանուր գնաճին: Գների որոշակի նվազում է արձանագրվել ձվի և բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբերում:

Իրավիճակային հաշվետվության ներկայացումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Համաշխարհային տնտեսության սպասվածից ավելի արագ տեմպերով վերականգնման պայմաններում ապրիլին ԱՄՀ-ն վերանայեց 2010-11թթ. համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը` վերագնահատելով այն 2010 թ. համար 4.25%: Այս սպասումներն արդեն իսկ արտացոլվել էին ֆինանսական շուկաներում և ապրիլին ապրանքային շուկաներում գները հիմնականում պահպանվեցին նախորդ ամսվա մակարդակներում: Միաժամանակ, խոշոր երկրներն աստիճանաբար հրաժարվում են ընդլայնողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության իրականացումից, սակայն դեռևս ձեռնպահ են մնում վերաֆինանսավորման (հաշվարկային) տոկոսադրույքի բարձրացումից:

Խորհուրդը քննարկեց նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի արժեզրկման ներկայիս միտումների հնարավոր ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա կարճատև և երկարատև ժամանակահատվածներում: Առաջինի պարագայում էական ազդեցություն չի ակնկալվում: Երկրորդի պարագայում Եվրոյի փոխարժեքի ցածր մակարդակի պահպանումը, հավանական է, կհանգեցնի  Եվրոմիությունից ներմուծվող ապրանքների գների նվազման: Քանի որ եվրոյի արժեզրկումը տեղի է ունեցել Եվրոմիության որոշ անդամ երկրների պարտքային հիմնախնդիրների պատճառով, իրավիճակի վատթարացման դեպքում չեն բացառվում նոր ճգնաժամային երևույթները տարածաշրջանում և աշխարհում: Այդուհանդերձ, Հայաստանի տնտեսությունը որոշ չափով ապահովագրված է եվրոյի փոխարժեքի տատանումներով պայմանավորված ազդեցություններից, քանի որ  ֆինանսական հոսքերի առումով ՀՀ հիմնական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է: ՀՀ կենտրոնական բանկը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացումներին:

Մակրոտնտեսական իրավիճակի բարելավման արդյունքում մարտին ևս արձանագրվել է տնտեսական աճ. ՀՆԱ իրական աճը հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 5.5%: Ընդ որում, աճեր արձանագրվել են տնտեսության բոլոր ճյուղերում. արդյունաբերությունում գրանցվել է ավելացված արժեքի շուրջ 6.1%, շինարարությունում` 9.7%, ծառայությունների ոլորտում` 5.1%, գյուղատնտեսությունում` 3.1% աճ:

Սպասվածից ավելի արագ աճ է դիտվել նաև ապրանքների արտահանման մասով` պայմանավորված համաշխարհային պահանջարկի աճի հետևանքով տեղի ունեցած մետաղների միջազգային գների գրանցված բարձր աճով, նախորդ տարվա երկրորդ եռամսյակից սկսած խոշոր արտահանող ճյուղերին կառավարության աջակցությամբ: Ներքին տնտեսության վաղ վերականգնումն արտահայտվել է նաև ներմուծման աճով` պայմանավորված հիմնականում ներդրումային ապրանքների և վառելիքի ներմուծման ծավալների ավելացմամբ:

Խորհուրդը քննարկեց նաև ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները: Ապրիլին դոլարայնացման աճի տեմպը փոքր-ինչ նվազել է. դրամով ավանդների աճը կազմել է 1.6%, արտարժույթով ավանդներինը` 0.8%: Չնայած դրան, արտարժույթով վարկավորման ծավալները շարունակում են գերազանցել դրամով վարկավորման ծավալները: Դոլարայնացման դեռևս բարձր մակարդակի պայմաններում, տարեսկզբից ԿԲ-ի կողմից դրամավարկային պայմանների խստացմանը համահունչ ՊՊ առաջնային շուկայում մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի տոկոսադրույքներն ավելացել են շուրջ 1.6 տոկոսային կետով` կազմելով 10.7%, իսկ 3-5 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերինը` 0.93 տոկոսային կետով` կազմելով 14.8%: Միաժամանակ, միջբանկային ռեպո շուկայում տոկոսադրույքների աճը կազմել է 2.2 տոկոսային կետ:

Անդրադառնալով գնաճի հետագա զարգացումներին և դրամավարկային քաղաքականության ուղղություններին` Խորհուրդը փաստեց, որ տարեսկզբից դրամավարկային պայմանների աստիճանական խստացման պարագայում 12-ամսյա գնաճի տեմպերը շարունակաբար նվազում են: Միաժամանակ սպասվում է, որ համաշխարհային տնտեսության դրական զարգացումների, ամբողջական պահանջարկի վերականգնման, ինչպես նաև 2010 թ. ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների սակագների թանկացման ազդեցությամբ գնաճային միջավայրը կանխատեսվող հորիզոնում կպահպանվի, թեև 12-ամսյա գնաճի տեմպերը կշարունակեն նվազել:

Խորհուրդը գնահատում է, որ մակրոտնտեսական վերոնշյալ հեռանկարում դրամավարկային պայմանների խստացումը պետք է շարունակվի ավելի դանդաղ տեմպերով` նպատակ ունենալով ձևավորել և պահպանել դրական իրական տոկոսադրույքներ կանխատեսվող ողջ ժամանակահատվածի ընթացքում` միաժամանակ շարունակելով մեծ ուշադրություն հատկացնել իրացվելիության կառավարման խնդրին:
Խորհուրդը որոշեց բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.25%: Ներգրավված ավանդների և լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբար 4.25% և 12.25%:

Share