«Վրացական երկաթուղի» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով՝ սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ:
Դրա մասին Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացրել է բեռնափոխադրողներին՝ իր գործընկերներին առաջարկելով այդ ժամանակահատվածի համար նախատեսված փոխադրումներն իրականացնել օգոստոսին կամ հավասարաչափ բաշխել դրանք սեպտեմբերի 16-ից հետո:
Նշված սահմանափակումների հետ կապված՝ ՀԿԵ-ն չի կանխատեսում դեպի Հայաստան/Հայաստանից բեռների առաքման հետ կապված խնդիրներ, քանի որ ժամանակացույցը փոխելու համար բավարար ժամանակ կա:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: