«Հայփոստ»-ը սկսում է զարգացման նոր ընդգրկուն ծրագիր սահմանամերձ գյուղերում: Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում կայացավ «Հայփոստ» ընկերության կոնցեպտուալ նոր տիպի բաժանմունքի բացումն ու գործարկումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից, «Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո մեկնարկած «Հայփոստ»-ի՝ զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է սահմանային համայնքներում փոստային ենթակառուցվածքի արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական, ֆինանսական, բանկային մի շարք ծառայություններ, ինչպես նաև՝ օպտիկական մանրաթելի միջոցով ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն: Ծրագրի մեկնարկը տրվեց Բարեկամավան գյուղում, քանի որ վերջինս պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական դիրքերից և Տավուշի մարզի առավել տուժած համայնքներից է: