Բաժին. Տնտեսական

Արդեն հասանելի է Արմաթ ինժեներական լաբորատորիաների արտահանման կայքէջը

Օրերս հրապարակվեց Արմաթ ինժեներական լաբորատորիաների արտահանման վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան պարունակող կայքէջը։ ԱՏՁՄ-ն շարունակական բանակցություններ է վարում մի շարք երկրների պետական ու մասնավոր կառույցների հետ՝ Արմաթի արտահանման շուրջ, ուստի կրթական մոդելի նկատմամբ աճող հետաքրքրությունն անհրաժեշտություն առաջացրեց մեկ հարթակում հավաքագրել նախագծի արտահանման բոլոր մանրամասները։

«Տարիների ընթացքում՝ 2017 թվականից ի վեր, երբ սկսեցինք Արմաթի արտահանման գործընթացը, մեծ քանակությամբ ինֆորմացիա է հավաքվել, հստակեցվել են ֆրանչայզինգային մոդելը, վաճառքի մեթոդաբանությունը, պայմանները, ու այդ ամենը մեկ հարթակում ավելի համակարգված ներկայացնելու համար որոշվեց ստեղծել այս կայքէջը, որն ավելի հարմարավետ կլինի օգտատիրոջն ու այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են Արմաթի արտահանմամբ։ Այն էլ ավելի կնպաստի Արմաթի կրթական մոդելի արտահանմանը», – նշեց Արմաթի ծրագրի համակարգող Աննա Սարգսյանը։

Կայքը պատրաստել է Ստեփանակերտում գործող նորաստեղծ տեխնոլոգիական մի ընկերություն, որի հիմնադիրը Արմաթի խմբակավար և Արցախում գործող արմաթ լաբերի համակարգող Լիլիթ Սողոմոնյանն է։ Այդ նորաստեղծ ընկերությունը նաև հանդիսանում է ԱՏՁՄ անդամ։

Կայքը պարունակում է Արմաթի մոդելով հետաքրքրվածների համար ամենաթարմ ու անհրաժեշտ ինֆորմացիան` այդ թվում ֆրանչայզինգային մոդելը, վերջինիս հնարավորությունները, պայմանները, արժեքը, սարքավորումների և կրթական բովանդակության առանձնահատկությունները, Արմաթ ինժեներեկանան լաբորատորիաների արդյունքներն ու արդյունավետության մասին վկայող ինֆորմացիան։

Կայքէջում կա նաեւ բաժին, որը հնարավորություն է տալիս ոչ միայն  ներգրավել կրթական մոդելի անմիջական գնորդներին, այլեւ հավաքագրել այն անձանց ու ընկերություններին, ովքեր կարող են ներկայացնել Արմաթն այլ երկրներում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ստորագրվեց Արմաթ կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Հուշագիր ստորագրվեց Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Յադեթեի հետ՝ Եթովպիայում 51 Արմաթ ալբորատորիաների ներդրման վերաբերյալ։ Դրան հետևեց Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմեդ Հաշիմի հետ ԱՏՁՄ հուշագիրը՝ Աֆղանստանում ևս նմանատիպ նախագիծ ունենալու պատրաստակամության մասին։ Կան կնքված հուշագրեր նաև Բանգլադեշի, Նամիբիայի, Լիբանանի հետ։ Մոնղոլիայի հետ կնքվել է պայմանագիր՝ մոտ ժամանակներս 3 Արմաթ լաբորատորիայի տեղադրման համար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share