Բաժին. Տնտեսական

Հակոբ Արշակյան. 134 նորաստեղծ ընկերություն ստացել է հարկային արտոնություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 26-ին՝ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2020 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։

ՀՀ ԲՏԱ նախարարությունը, հիմք ընդունելով երկրում համավարակով պայմանավորված իրավիճակը,  միջնաժամկետ ծրագրերով նախատեսված «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթը վերաձևակերպվել է՝ հիմքում ունենալով փոփոխված առաջնահերթությունները:

Արդյունքում այս ենթատեքստում ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել և իրականացրել է  Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված ՀՀ կառավարության դրամաշնորհային ծրագիրը և Պետական աջակցության 17-րդ միջոցառման երեք ծրագրեր:

Առաջին դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմել է 22 մլն ՀՀ դրամ և տրամադրվել հինգ լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն և երկուական 2մլն ՀՀ դրամ գումարի չափով:

Պետական աջակցության 17-րդ միջոցառման շրջանակներում հայտարարվել են դրամաշնորհային 3 մրցույթներ՝ համապատասխանաբար  330 մլն, 460 մլն և 90 մլն մրցութային բյուջեներով՝

  • Նորարարական Դրամաշնորհներ (մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր հաղթող նախագծի համար), ավարտին ստացվել է 141 հայտ, որոնցից գնահատման փուլում են 117֊ը, անվավեր են ճանաչվել 24֊ը: Առաջին փուլի արդյունքում հաղթող են ճանաչվել 35 ընկերություններ, իսկ երկրորդ՝ ներկայացման (փիչինգի) փուլի արդյունքները ամփոփման փուլում են: Ծրագրի բյուջեն 330 մլն դրամ է:
  • Կայացած Ընկերությունների Դրամաշնորհներ (մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր հաղթող նախագծի համար), ավարտին ստացվել է 148 հայտ, որոնցից գնահատման փուլում են 143-ը, անվավեր է ճանաչվել 5 հայտ: Առաջին փուլի արդյունքում հաղթող են ճանաչվել 46 ընկերություններ, իսկ երկրորդ՝ ներկայացման (փիչինգի) փուլն այս պահին ընթացքի մեջ է և արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտարածվի: Ծրագրի բյուջեն 460 մլն դրամ է:
  • Համաֆինանսավորման Դրամաշնորհներ (100%-ի չափով համաֆինանսավորում, բայց ոչ ավելի քան 30 մլն ՀՀ դրամ մինչև յուրաքանչյուր հաղթող նախագծի համար), հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 1֊ը, այս պահին ստացվել է 4 հայտ: Ծրագրի բյուջեն 90 մլն դրամ է:

01.01.2020 – 21.08.2020 ժամանակահատվածում 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն, ևս 11 ընկերություն գտնվում են հավաստագրման գործընթացում: Հավաստագրված ընկերությունների ընդհանուր թիվը 2019-2020թթ. Ընթացքում կազմել է 364՝ ստեղծելով շուրջ 960 նոր աշխատատեղ:

Նորաստեղծ ընկերությունների բաժնետերեր են հանդիսանում ԱՄՆ-ի, Չեխիաի, Վրաստանի, Իրանի, Միացյալ Թագավորության, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայեիլ, Կանադաի, Սիրիայի, Պերուի մեր հայրենակիցները, որոնք Հայաստանում հիմնել են նար ընկերություններ։

Share