Բաժին. Տնտեսական

«Հայփոստի» միջոցով դրամական փոխանցումները հասանելի կլինեն ցանկացած՝ նույնիսկ ամենահեռավոր համայնքում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 26-ին՝ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2020 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։

Մշակման փուլում է «Հայփոստ» ՓԲԸ-ի զարգացման նոր ռազմավարությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն մշակել է կենսաթոշակների փոստային անկանխիկ վճարումների համակարգը․ գործարկվել է էլեկտրոնային սարքերի միջոցով կենսաթոշակների վճարման պիլոտային ծրագիրը: Այս գործընթացը փոստային ծառայությունների թվայնացման գլոբալ ծրագրի մասն է կազմում:

Ներդրվել է «Հիբրիդային փոստի» ծառայությունը, ինչն էականորեն նվազեցնում է պետության ռեսուրսների ծախսը: Ծառայության մեկնարկը տրվել է ԴԱՀԿ-ի հետ համատեղ:

Վերաբացվել է ԱՄՆ-ի Դելավեր նահանգում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, ինչը կխթանի առևտրաշրջանառությունն ԱՄՆ-ի հետ:

«Հայփոստ» ընկերությունը պատրաստվում է դուստր կազմակերպություն բացել Չինաստանում:

Ընթացքի մեջ են Ռուսաստանի Դաշնության փոստային ծառայության հետ երկկողմանի բանակցությունները, որոնց արդյունքում զարգանալու են բազմաթիվ նոր փոստային լոգիստիկ ծառայություններ, այդ թվում՝ ներքին գների հիման վրա Հայաստան-Ռուսաստան միջանցքով փոստային փոխանակումների իրականացումը, ինչն էականորեն կխթանի Հայաստանից Ռուսաստան ծանրոցների, փաթեթների և փոքր բեռների առաքումը:

Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում կայացավ «Հայփոստ» ընկերության կոնցեպտուալ նոր տիպի բաժանմունքի բացումն ու գործարկումը: «Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո մեկնարկած «Հայփոստի» զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում նախատեսվում է սահմանային համայնքներում փոստային ենթակառուցվածքի արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական, ֆինանսական, դրամահաշվարկային մի շարք ծառայություններ:

Բարձրացվել են Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի շուրջ 1300 աշխատակցի աշխատավարձերը՝ միջինում 20-25%֊ի չափով:

ՌԴ փոստի հետ համատեղ արդեն գործում է «PosTransfer» դրամական փոխանցումների նոր համակարգը, որն առաջինն է տարածաշրջանում: Համակարգը հնարավորություն է ստեղծում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումներ կատարել Հայաստանի և Ռուսաստանի բոլոր բաժանմունքներում ընդամենը 1,2% միջնորդավճարով: Հայաստանում դրամական փոխանցումները սպասարկվելու են ավելի քան 800 փոստային բաժանմունքներում, իսկ ՌԴ-ում՝ ավելի քան 30 000 սպասարկման կետերում, ինչը նշանակում է, որ այսուհետ «Հայփոստի» միջոցով դրամական փոխանցումները հասանելի կլինեն ցանկացած՝ նույնիսկ ամենահեռավոր համայնքում:

Share