Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. կարճվել են դիմակների և ձեռնոցների շրջանառության ոլորտներում հարուցված վարչական վարույթները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներով կարճվել են 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների և մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտներում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ ս.թ. մայիսի 26-ին հարուցված վարչական վարույթները:

«Վարչական վարույթների քննությամբ խոշոր տնտեսավարողների կողմից ձեռնոցների և դիմակների իրացման ոլորտներում մրցակցության օրենսդրության խախտման երևույթներ չեն բացահայտվել: Ուսումնասիրություններն իրականացվել են մեծածախ վաճառքով զբաղվող հինգ ընկերությունում («Ալֆա-Ֆարմ իմպորտ» ՓԲԸ, «Վագա-Ֆարմ», «Նատալի Ֆարմ», «Տոնուս-Լես», «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁ ՍՊԸ-ներ), 5 խոշոր դեղատնային ցանցում («Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ, «Առնիկա», «Նատալի Ֆարմ դեղատուն», «Գեդեոն Ռիխտեր» դեղատուն ՀՁ, «Տոնուս-Լես Ռեմեդի» ՍՊԸ-ներ), մեկ առևտրային ցանցում՝ «Սիթի» ՍՊԸ, և դիմակի տեղական արտադրություն իրականացնող երկու խոշոր ընկերություններում` «Սալյուս», «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ներում»,- ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, պարզվել է, որ դիմակների գների բարձրացումը պայմանավորված է եղել ներմուծման և/կամ ձեռք բերման գների բարձրացմամբ: Տեղական արտադրության դիմակների բարձր գները պայմանավորված են եղել միջազգային շուկաներում հումք-նյութերի գների բարձրացմամբ:

Հանձնաժողովն արձանագրել է, որ տնտեսավարող սուբյեկտների կողմից 2019 թվականի դեկտեմբերին 2020 թվականի մայիսի համեմատ ձեռնոցների և դիմակների պարագայում վերադիրների ավելացում տեղի չի ունեցել, սակայն տեղի է ունեցել դիմակների և ձեռնոցների բարձր գներով ձեռք բերում, ինչի արդյունքում դրանք վերջնական սպառողին իրացվել են բարձր գներով։

Share