Categories: Տնտեսական

Պարենային ապրանքների համաշխարհային գները օգոստոսին աճել են

Հուլիսի համեմատ աճել են շաքարի, բուսական յուղերի և կերային մշակաբույսերի միջազգային գները, մինչդեռ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային բերքի ծավալները տարեկան կտրվածքով ռեկորդայինի են հասել  

Համաձայն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության սեպտեմբերի 3-ին թողարկված հաշվետվության՝ օգոստոս ամսին, երրորդ ամիսն անընդմեջ, պարենային ապրանքների համաշխարհային գները աճ են գրանցել, պայմանավորված հիմնականում կայուն պահանջարկի և ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման հետ:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, օգոստոս ամսվա ընթացքում կազմել է միջինը 96.1 նիշ, ինչը 2.0 տոկոսով բարձր է նախորդ ամսվա համեմատ՝ հասնելով 2020թ. փետրվարից մինչև հիմա գրանցված ամենաբարձր ցուցանիշին:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հուլիսի համեմատ աճել է 1.9 տոկոսով, ինչը 2019թ. օգոստոսի համեմատ բարձր է միջինը 7.0 տոկոսով՝ պայմանավորված հիմնականում կերի նպատկով օգտագործվող հացահատիկների գնաճով: Սորգոյի գները աճել են 8.6 տոկոսով՝ կազմելով 33.4 տոկոսով ավել, քան մեկ տարի առաջվա մակարդակն էր, որի  պատճառը հիմնականում Չինաստանի կողմից ներկրման բարձր պահանջարկն է:  Եգիպտացորենի գները աճել են 2.2 տոկոսով, որը հետևանք է այն մտահոգությունների, որ վերջերս Այովայում բերքի վնասները կարող են ազդել առաջարկի ծավալների վրա: Աճել են նաև բրնձի միջազգային գները՝ կապված սեզոնային առկայության սղության և Աֆրիկայի կողմից պահանջարկի ավելացման հետ:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.7 տոկոսով՝ արտացոլելով Եվրամիությունում և աշխարհի երկրորդ խոշորագույն շաքարավազ արտահանող երկրում՝ Թայլանդում արտադրության կրճատման հեռանկարները` պայմանավորված անբարենպաստ եղանակային պայմաններով, ինչպես նաև Չինաստանի կողմից ներմուծման մեծ պահանջարկը:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը աճել է 5.9 տոկոսով: Կայուն են եղել հատկապես արմավենու յուղի գները, ինչպես նաև սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գները: Աճը հիմնականում համաշխարհային ներմուծման կայուն պահանջարկի պայմաններում արմավենու յուղ արտադրող առաջատար երկրներում արտադրության ակնկալվող կրճատումների հետևանք է:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը գործնականում անփոփոխ է մնացել հուլիս ամսվա համեմատ: Օվկիանիայում սեզոնային արտահանման առատ ծավալների ակնկալիքի ֆոնին նվազել է պանրի և չզտված կաթի փոշու գնառաջարկը, իսկ կարագի գները բարձրացել են Եվրոպայում արտահանման հնարավորությունները խստացնելու պատճառով՝ օգոստոսի տաք ջերմաստիճանային պայմաններում կաթի ծավալների նվազման պատճառով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նույնպես համարյա անփոփոխ է եղել հուլիսի համեմատ, սակայն 8.9 տոկոս ցածր՝ 2019թ. օգոստոսի համեմատ, քանզի տավարի մսի և թռչնամսի ներմուծման ցածր պահանջարկը փոխհատուցվել է Չինաստանից խոզի մսի ներմուծման մեծ պահանջարկով:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Share