Տնտեսական

Լևոն Մանացականյանի տնտեսության զարգացման կոնցեպցիան

Միջազգայնագետ, տնտեսագետ Լևոն Մնացականյանն անդրադարձել է ՀՀ տնտեսության զարգացման տեսլականին և փորձել բանաձևել տնտեսության ներուժն ու հեռանկարները:

Ստորև ներկայացնում ենք տնտեսագետի անդրադարձն ամբողջությամբ։

«Աշխարհի ցանկացած երկիր՝ այդ թվում Հայաստանն ունեն տնտեսության առանձնահատկություններ։

Ցավոք, արտաքին թշնամու պատճառով որոշակիորեն շրջափակման մեջ գտվող Հայաստանը չի օգտագործում տնտեսական ներուժը՝ տնտեսական իրական զարգացում ապահովելու համար։
Հայաստանի տնտեսության բաղկացուցիչ մաս է կազմում ապրանքների ներմուծումը, որը, էապես գերազանցելով արտահանման ծավալներին, ֆինանսական կապիտալը հանում է երկրից։

Խոշոր ու միջին արդյունաբերական ձեռնարկությունների՝ գորածրանների ստեղծումը կհանգեցնի ներմուծում-արտահանում հարաբերակցության փոփոխությանը, ինչի արդյունքում ֆինանսական կապիտալը ոչ թե դուրս կգա երկրից, այլ արտահանված ապրանքի տեսքով մուտք կգործի երկիր։

Հայաստանի տնտեսությունն իրապես հենված է հանքարդյունաբերության վրա, ինչը նշանակում է, որ բյուջեի մուտքերի զգալի մասն ապահովում են հանքերից ստացվող հարկերը։

Առաջնային անհրաժեշտություն է Հայաստանի տնտեսական կառուցվածքի փոփոխությունը՝ ՓՄՁ-ներին արտոնություններ տալու միջոցով էապես ավելացնել միջին բիզնեսի տեսակարար կշիռը մեր երկրում՝ անհրաժեշտ փոփոխություն կատարելով Հայաստանի տնտեսության կառուցվածքում։

Նավթի և գազի բացակայության պայմաններում Հայաստանն օժտված է աշխարհի կարևորագույն բնական ռեսուրսով՝ ջրով։ Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ ջրամբարների կառուցման միջոցով ջրային պաշարների ամբարումը հնարավորություն կտա ավելացնել ոռոգվող գյուղատնտեսական ցանքատարածությունների մակերեսը՝ միաժամանակ արդիականացնելով ոռոգման ցանցը։ Պետական օժանդակությամբ անհրաժեշտ է խթանել խմելու ջրի արտադրությունները՝ արտահանման միջոցով ավելացնելով արդյունաբերության ծավալը ՀՆԱ-ի տեսակարար կշռում։

Աշխարհագրական դիրքի շնորհիվ հայկական բերքն ու սննդամթերքը անգերազանցելի են ողջ աշխարհում։ Սակայն հաճախ գյուղատնտեսությունից ստացվող պրոդուկտն առանց վերամշակման (արդյունաբերական ձեռնարկությունների կողմից պահածոյացման) արտահանվում են՝ արհեստականորեն կրճատելով աճելու պոտենցիալ ունեցող ՀՆԱ-ի ծավալները։ Իրական դոտացիաների և սուբսիդիաների միջոցով պետք է զարկ տալ գյուղատնտեսությանը և գյուղմթերքի արտադրությանը։

Վերոնշյալ տնտեսական առաջնահերթություններն իրականացնելուց հետո տնտեսական աճի տեմպը դրական դինամիկա կարձանագրի, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը կդառնա պակաս ռիսկային և շահավետ, բանկային տոկոսադրույքները կնվազեն՝ ընդ որում և՛ տեղական վարկերը քաղաքացիների համար, և՛ միջազգային վարկերը ՀՀ-ի համար։

Հայաստանն էլեկտրաէներգիայի պաշարներով հարուստ երկիր է, սակայն հաճախ հէկ-երի և ջէկ-երի ոչ ճիշտ կառուցումը վնասում են մեր երկրի էկոլոգիային։ Անհրաժեշտ է զարկ տալ վերականգվող էներգետիկայի զարգացմանը՝ արևային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության միջոցով՝ հէկ-երի կառուցումը նվազ շահավետ դարձնելով՝ ի համեմատ արևային կայանների։

Անհրաժեշտ է առանձնակի կարևորություն տալ տնտեսության բոլոր ոլորտների արդյունավետության բարձրացմանը՝ լիզինգի, հարկային և մաքսային արտոնությունների, լոգիստիկ ցանցի և ենթակառուցվածքների զարգացման միջոցով հնարավորություն ընձեռել գործարարներին ձեռք բերելու գերժամանակակից և արդի տեխնոլոգիաներ, ինչն իր հերթին հնարավորություն կտա նույն ծավալի ներդրման, նույն աշխատուժի պայմաններում և նույն բիզնես ծրագրի շրջանակներում իրապես ավելի շատ բարիք արտադրել Հայաստանում՝ երկիրը շահավետ դարձնելով և՛ տեղական, և՛ արտաքին ներդրողների համար՝ միաժամանակ մեծացնելով երկրի արտադրողականությունը։

Հ.Գ. Վերոնշյալ քայլերն անվիճելի առաջընթաց են ապահովելու Հայաստանի տնտեսության համար՝ պոպուլիստական հայտարարությունները փոխարինելով իրական քայլերով։

Տնտեսագիտություն սովորե՛ք…..»

 

Share