Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. Կիրականացվի խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում

ՊԵԿ-ում քննարկվել են «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության և մոնիթորինգի արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են Համաշխարհային Բանկի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակներում իրականացված «Հարկ վճարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2020թ. ընտրանքային հետազոտության» և «Հետստուգումային հարկային կարգապահության մոնիթորինգի»  արդյունքները:

Հետազոտության նպատակն է կատարելագործել ՊԵԿ ռիսկերի կառավարման համակարգը, ինչպես նաև ներդնել հետստուգումային կարգապահության մոնիտորինգի գործիքակազմ` կիրառելով միջազգային լավագույն փորձը:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել աշխատանքները և առաջին փուլով իրականացնել խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում:

Ի դեպ, ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է նաև մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը, որի ընթացքում կատարվելու է մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, ինչպես նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների գնահատում:

Հիշեցնենք, որ «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրն ուղղված է ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը, ռիսկերի կառավարման և պարտավորությունների կատարման ռազմավարության մշակմանը:

Share