Բաժին. Տնտեսական

Դավիթ Անանյան. 2020 թվականի մայիս ամսվանից սկսած վերականգնվել է աշխատատեղերի աճի միտումը

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը տվյալներ է ներկայացրել Հայաստանում զբաղվածության և աշխատատեղերի քանակի մասին։

Վերջին ամիսներին շատ են շրջանառվող տեսակետներն ու վերլուծությունները, ըստ որոնց կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանում արձանագրված գործազրկության աճն ավելանալու միտում ունի։ Բնականաբար, 2020 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում աշխատատեղերի կրճատում է տեղի ունեցել, սակայն, արդյո՞ք այդ գործընթացը շարունակական բնույթ ունի։

Վերլուծություններ կատարելու նպատակով ստորև ներկայացվում է 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանում «հայտարարագրված» աշխատողների, աշխատատեղերի և եկամուտ ստացած աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ։

Այսպես.

1. 2020 թվականի հունվար ամսվա տվյալներով ՀՀ-ում ընդամենը աշխատողների (օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների կողմ հադիսացող ֆիզիկական անձանց) թվաքանակը կազմել է շուրջ 595 հազար, աշխատատեղերի (հայտարարագրված հաստիքների կամ պաշտոնների) թվաքանակը՝ շուրջ 656 հազար, իսկ եկամուտ ստացած աշխատատեղերի (տվյալ ամսում 0-ից ավել եկամուտ ստացած հաստիքների կամ պաշտոնների) թվաքանակը՝ շուրջ 605 հազար (2019 թվականի հունվար ամսվա համեմատ աճը կազմել է շուրջ 41 հազար).

2. 2020 թվականի փետրվար ամսվա տվյալներով ՀՀ-ում աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 602 հազար, աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 665 հազար, իսկ եկամուտ ստացած աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 619 հազար (2019 թվականի փետրվար ամսվա համեմատ աճը կազմել է շուրջ 46 հազար).

3. 2020 թվականի մարտ ամսվա տվյալներով ՀՀ-ում աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 609 հազար, աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 673 հազար, իսկ եկամուտ ստացած աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 622 հազար (2019 թվականի մարտ ամսվա համեմատ աճը կազմել է շուրջ 38 հազար).

4. 2020 թվականի ապրիլ ամսվա տվյալներով ՀՀ-ում աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 601 հազար, աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 662 հազար, իսկ եկամուտ ստացած աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 548 հազար (2019 թվականի ապրիլ ամսվա համեմատ նվազումը կազմել է շուրջ 45 հազար).

5. 2020 թվականի մայիս ամսվա տվյալներով ՀՀ-ում աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 606 հազար, աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 670 հազար, իսկ եկամուտ ստացած աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 599 հազար (2019 թվականի մայիս ամսվա համեմատ նվազումը կազմել է շուրջ 2 հազար).

6. 2020 թվականի հունիս ամսվա տվյալներով ՀՀ-ում աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 611 հազար, աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 676 հազար, իսկ եկամուտ ստացած աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 612 հազար (2019 թվականի հունիս ամսվա համեմատ աճը կազմել է շուրջ 6 հազար).

7. 2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով ՀՀ-ում աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 611 հազար, աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 675 հազար, իսկ եկամուտ ստացած աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 615 հազար (2019 թվականի հուլիս ամսվա համեմատ աճը կազմել է շուրջ 8 հազար).

8. 2020 թվականի օգոստոս ամսվա տվյալներով ՀՀ-ում աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 612 հազար, աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 674 հազար, իսկ եկամուտ ստացած աշխատատեղերի թվաքանակը՝ շուրջ 618 հազար (2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճը կազմել է շուրջ 12 հազար).

Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ 2020 թվականի մայիս ամսվանից սկսած վերականգնվել է աշխատատեղերի աճի միտումը։

Share