Բաժին. Տնտեսական

Սուրեն Թովմասյան. Անշարժ գույքի շուկայում առկա է աշխուժություն

Ինչպես մի շարք ոլորտներում, այնպես էլ անշարժ գույքի շուկայում համավարակը թողեց իր բացասական ազդեցությունը: Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ  դա պայմանավորված էր նաև Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակների որոշ ժամանակ փակ լինելու և անկանոն ձևով աշխատելու հետ: Ըստ էության, այն ժամանակահատվածում, երբ Կադաստրի կոմիտեի գրասենյակները փակ էին, աշխատանքն ապահովվում էր առցանց գրասենյակների միջոցով: Թեպետ առցանց հարթակների միջոցով չէր ստացվում դիմումների այն ծավալը, որն իրական պատկերի մասին խոսեր: Երբ վերջին ամիսներին սպասարկման գրասենյակները բացվեցին, արդեն պատկերն այլ է:

«Ընթացիկ տարվա օգոստոսին անշարժ գույքի շուկայում գրանցվել է 16 հազար 491 գործարք: Այս ցուցանիշը 2020 թվականի հուլիսի համեմատ աճել է մեկ ու կես տոկոսով, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 6.3 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում մենք նկատում ենք ակտիվացում»,- ասաց Սուրեն Թովմասյանը:

Սահմանափակումները հանելուց հետո դրական դինամիկա է նկատվում առք ու վաճառքի գործարքներում: Այստեղ կա կայուն աճ: Օգոստոսին գրանցվել է 4 հազար 904 առք ու վաճառքի գործարք, որից Երևանում՝ 1 323: Սուրեն Թովմասյանը նշեց, որ մարզերում գործարքների անհամեմատ աճ է նկատվում:  Գյուղական համայնքներում գործարքների 39 տոկոս աճ է գրանցվել, մարզային քաղաքներում՝ 7 տոկոս: Երևանում հակառակ պատկերն է, նկատվում է գործարքների քանակի նվազում:

Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, ապա կոմիտեի ղեկավարը նշեց, որ ներկա պահին չեն դիտարկում ոչ գների աճ, ոչ գների նվազում, այն քիչ թե շատ կանոնակարգված, կայուն վիճակում է: Շուկայում գների անկում է տեղի ունեցել, սակայն չնչին տոկոսով: Ամռան ամիսներին 1-1.5 տոկոսի չափով գների անկում է եղել:

«Եթե համավարակը նորից թափ չհավաքի, ապա դա կնշանակի, որ շուկան կայունանալու է, և տարվա վերջ լավ ցուցանիշներ ենք գրանցելու»,- հավելեց Սուրեն Թովմասյանը:

Share