Տնտեսական

Ինչու՞ է թուրքական լիրան արժեզրկվում. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է թուրքական լիրայի արժեզրկմանը։ Նա մատնանշել է մի քանի պատճառ։ Տնտեսագետի վերլուծությունը ներկայացնում ենք ստորև։

«1․ 2020 թվականին թուրքական լիրայի շարունակվող արժեզրկման պայմաններում Թուրքիայում գնաճը կազմել է 11,77 տոկոս։

2․ 2020 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Թուրքիայի տնտեսությունը գրանցել է 9,9 տոկոս անկում, ինչի արդյունքում աճել է գործազրկությունը՝ հասնելով 17 տոկոսի։

3․ 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Թուրքիայից արտահանումը նվազել է 12,9 տոկոսով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրի բացասական դեֆիցիտն ավելացել է 69,9 տոկոսով։ Եթե 2019 թվականին արտահանումը կազմում էր ներկրման 85,8 տոկոսը, ապա 2020 թվականին՝ 75,6 տոկոսը։ Այսինքն՝ Թուրքիան սկսել է ավելի քիչ արտահանել, ինչի արդյունքում կրճատվել են արտարժույթի հոսքերը։ Բացի այդ, օրեր առաջ Սաուդյան Արաբիան արգելել է թուրքական ապրանքների ներկրումը, այսինքն՝ Թուրքիան կզրկվի նաև տարեկան 2,7 մլրդ ԱՄՆ դոլար արտահանումից։ Հիշեցնեմ նաև, որ 2018 թվականին ԱՄՆ-ն կտրուկ բարձրացրել էր ներկրվող թուրքական ալյումինի և երկաթի մաքսատուրքերը։

4․ 2019 թվականին Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են 8,4 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 35 տոկոսով։ Ներդրումները շարունակվում են կրճատվել նաև այս տարվա ընթացքում։

Իսկ ինչպե՞ս կարող է թուրքական լիրայի արժեզրկումը ազդել Հայաստանի տնտեսության վրա

Թուրքական լիրայի արժեզրկման դեպքում թուրքական ապրանքները կդառնան ավելի էժան և հետևաբար դուրս կմղեն հայրենական արտադրողներին մեր շուկայից։ Օրինակ՝ թուրքական հագուստը, որն արժեր 10000 դրամ, կդառնա 8500 դրամ։ Հետևաբար, կարող է ավելանալ թուրքական ապրանքների ներհոսքը»։

Share