Տնտեսական

Գործադիրին տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասություն տրվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նախագծով առաջարկվում էր պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն ընձեռնվեց կառավարության որոշմամբ հաստատելու հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: Օրենքի նախագծի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 87 «կողմ» ձայներով:

Նորայր Շողիկյան

Share