Տնտեսական

Լոս Անջելեսից դեպի Հայաստան ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը Հայաստանում է

Լոս Անջելեսից դեպի Հայաստան ուղևորված ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռն արդեն Հայաստանում է։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այս առիթով ֆեյսբուքյան գրառում է արել, – «Հայաստան հասավ ևս մեկ ինքնաթիռ հումանիտար բեռով։ ԱՄՆ արևմտյան ափից այն կազմակերպել էր ArmeniaFund-ը, բեռը եկել է Հայաստան համահայկական հիմնադրամին»։

Արշամյանը շնորհակալություն է հայտնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթև Ռևազյանին և իր թիմին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնել էինք՝ հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության՝ դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չէր կայացել. Թուրքիան հրաժարվել էր տրամադրել իր օդային տարածքը դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար:

Այս չվերթը ևս իրականացրել է «Քաթար էյրվեյզը»։

Ի դեպ, բեռն այս անգամ Հայաստան է հացել հենց Թուրքիայի օդային տարածքով։

«Բեռնափոխադրումն ի վերջո հնարավոր դարձավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և ԱՄՆ հայ համայնքի հետևողական ջանքերով, շուրջօրյա ու պահանջկոտ աշխատանքի շնորհիվ: Թուրքիայի կողմից նախորդ անգամ հարուցված խնդիրների մասին Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել է «EUROCONTROL»- աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը, համագործակցել է ԱՄՆ հայ համայնքի հետ, «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության հետ: Այսօր արձանագրում ենք փաստը, որ մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռն անցավ Թուրքիայի օդային տարածքով»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Share