Տնտեսական

Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի ծննդատունը: Կարապետյանն այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Ես ուզում եմ հավաստիացնել արցախցիներին, որ մենք անպայման նորից կառուցելու ենք նոր, ժամանակակից ծննդատուն Ստեփանակերտում: Այստեղ նորից նոր կյանքեր են ծնվելու»,-ասել է Կարապետյանը:

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին՝ հարվածներ հասցնելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով: Ադրբեջանի զինուժն ավիացիայի միջոցով թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը, հասցվել են ավերածություններ։ Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ:

Share