Բաժին. Տնտեսական

Արցախի ՊԲ-ն հարավային ուղղությամբ հետ է շպրտել ադրբեջանական առաջխաղացման փորձը, պատճառել կորուստներ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ Արցախի պաշտպանության բանակի զորքերը նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ադրբեջանական ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ:

«Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,-նշում են ՊՆ-ից:

Share