Տնտեսական

«Գյումրեցի նկարիչները՝ Արցախի և հայ զինվորի համար». hազար նկար ռազմաճակատին

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղն ընտրել է բանակին օգնելու սեփական տարբերակը: Նախաձեռնությունը մեկ նպատակի շուրջ  միավորել է սկսնակ ու արհեստավարժ նկարիչներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Գյումրեցի նկարիչները՝ Արցախի և հայ զինվորի համար» ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվում է «Հայաստան» hամահայկական հիմնադրամին։

«Գաղափարը մեկն է՝ արվեստի մարդկանցով մեկ ուժ դառնալ ու ծանր օրերին մեր բանակի ու պետության կողքին լինել: Արվեստի լեզուն հզոր զենք է, և այդ զենքն այսօր մենք «մարտական վիճակի» ենք բերել: Ստեղծված բոհեմի շուրջ համախմբվել են սկսնակ նկարիչներն ու պրոֆեսիոնալները՝ բոլորը մեկ շարքում ու հավասար արժեքով»,- պատմում է նախաձեռնության հեղինակ գծանկարիչ Աշոտ Հակոբյանը:

Նախաձեռնության հեղինակներին հաջողվել է վաճառել արդեն ավելի քան 120 գործ: Ամեն երեքշաբթի նվիրատվության արկղում հավաքված գումարը արվեստագետները փոխանցում են «Հայաստան» hամահայկական հիմնադրամին։ Ակցիան շարունակական է: Որպես նախնական նշագիծ արվեստագտները նշում են հազար գործի ստեղծում ու վաճառք:

«Յուրաքանչյուր գործ վաճառվում է խորհրդանշական՝ 5 հազար դրամով, բայց լինում են դեպքեր, երբ գնորդը սեփական ցանկությամբ 10-50 հազար դրամ է վճարում նկարի համար: Վաճառքն իրականացվում է նաև առցանց եղանակով: Նկարների թեմատիկան տարբեր է, միայն պայմանը  չափն  է ՝ 13/13»,- հավելեց գեղանկարիչ զարդագործ Արտյոմ Սարգսյանը:

Արմենուհի Մխոյան

Share