Տնտեսական

Կառավարության սուբսիդավորմամբ տրամադրված գյուղոլորտի վարկերի ծավալը մոտ 100 մլրդ դրամ է

Հայաստանում կառավարության կողմից սուբսիդավորմամբ տրամադրված գյուղացիական վարկերի ընդհանուր ծավալը տարեվերջի դրությամբ կազմում է մոտ 100 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«2020-ի վերջի դրությամբ վարկային պորտֆելը, որ կառավարության կողմից սուբսիդավորման առարկա է տնտեսության մեջ, կազմում է մոտ 100 մլրդ դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ պետությունը գյուղանտնտեսության ոլորտում շարունակում է ընդհանուր նշանակության ծրագրերի վարկերի սուբսիդավորումը: Դրանք 3-15 մլն դրամ մեծությամբ գյուղատնտեսական վարկերն են:

«2020-ին համավարակով պայմանավորված՝ մենք ներդրեցինք նաև մեկ բաղադրիչ՝ մինչև 1 մլն դրամանոց վարկերը, որոնք անվանում ենք միկրովարկեր: Դրանք նույնպես սուբսիդավորվեցին կառավարության կողմից: Եվ ես ուզում եմ ասել, որ շատ մեծ նշանակություն ունեցան տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում տնտեսական ակտիվությունը բավարար մակարդակի վրա պահելու համար»,- ասաց նախարարը:

Տարեսկզբից մինչև մարտ, երբ կառավարությունը դեռևս չէր ներդրել համավարակի դեմ հատուկ պայքարի նպատակով աջակցության պորտֆելը, կար վարկավորում մոտ 7 մլրդ դրամի չափով: «Երբ երկրորդ եռամսյակից սկսած ներդրվեց համավարակի դեմ պայքարի աջակցության ծրագիրը, դրանից հետո մինչև այժմ բանկերի կողմից ֆինանսավորվել են 50 մլրդ դրամի վարկեր, որոնք ամբողջությամբ տոկոսային մասով սուբսիդավորվում են կառավարության կողմից: Այդ 50 մլրդից 13-ը միկրովարկերն են: Դրանք այն 1 մլն դրամանոց վարկերն են, որ գյուղացիական տնտեսությունները կարողացան սուբսիդավորվման եղանակով ստանալ և օգտագործել իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Աննա Գրիգորյան

Share