Տնտեսական

ԿԳՄՍ նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամով պակաս գումար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2021-ի պետբյուջեից կհատկացվեն ավելի քիչ գումար, քան հատկացվել էր 2020-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

«Մեր 2021-ի բյուջեն շուրջ 2 մլրդ դրամով ավելի քիչ է՝ այս տարվա բյուջեից: Իրականության մեջ ՄԺԾԾ (Միջնաժամկետ ծախսային ծրագիր) հայտով մեր ներկայացրած բյուջեից այն պակաս է շուրջ 20 մլրդ դրամով: Դա պայմանավորված է համավարակով բյուջեի սղությամբ, նաև նրանով, որ շատ զանգվածային միջոցառումներ թե Հայաստանում, թե արտերկրում հետաձգվել կամ չեղարկվել են՝ օբյեկտիվ պատճառներով»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա ներկայացրեց այն ծրագրերը, որոնցում հատկացումների վերանայումներն էական են: «Մեծ նվաճումների սպորտում» կա 10.5 տոկոս աճ, ինչը կապված է շահառու խմբի ընդլայնմամբ: Դա մասնավորապես կապված է օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին տրամադրվող պատվովճարների չափի և շահառուների թվի ավելացման հետ:

Նախնական և միջին արհեստագործական մասնագիտական կրթության մեջ անվճար տեղերի թվի կրճատմամբ կատարվել են վերանայումներ, նվազում է եղել ավելի քան 1 մլրդ դրամի չափով: «Դա պայմանվորված է նրանով, որ առանձին մասնագիտությունների դեպքում վճարովի տեղերի հանդեպ կա պահանջարկ: Հետևաբար, դրանք կարող են տրամադրվել նաև վճարովի հիմունքով: Կինեմատոգրաֆիայի ծրագրում արվել է նվազեցում՝ 15.2 տոկոս»,-ասաց փոխնախարարը:

Նախարարության 2021-ի պետբյուջեից կհատկացվի 177.6 մլրդ դրամ:

Աննա Գրիգորյան

Share