Տնտեսական

Ֆրանսիան առաջարկել է բարեփոխել Շենգենյան գոտին

Ֆրանսիան մոտ օրերս առաջարկություն կներկայացնի Շենգենյան գոտին բարեփոխելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգությունը ԵՄ-ի սահմաններին: Այդ մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մեզ անհրաժեշտ է բարեփոխել Շենգենյան գոտին. առաջին հերթին այն բանի համար, որպեսզի ուժեղացվի անվտանգությունը ԵՄ-ի արտաքին սահմանների վրա»,-հայտարարել է Մակրոնը:

Նա հավելել Է, որ մոտ օրերս Փարիզը հանդես կգա Շենգենյան գոտին բարեփոխելու առաջարկությամբ եւ այն կներկայացնի ԵՄ-ի մյուս երկրներին:

Մակրոնի խոսքով՝ անհրաժեշտ է «բարելավել Շենգենյան գոտու կառավարումը, քանի որ ներկայում գոտում կանոնավոր քաղաքական հսկողություն չկա սահմանի վրա հրատապ հարցերը, այդ թվում՝ միգրացիայի եւ ներքին անվտանգության հարցերը կարգավորելու համար»:

Ֆրանսիայի նախագահն առաջարկել է ստեղծել «անվտանգության ինչ-որ ներքին խորհուրդ»: Նա ընդգծել Է, որ Շենգենյան գոտու բարեփոխումը ենթադրում է «միաժամանակ ե՛ւ ազատության, ե՛ւ անվտանգության» ապահովում:

«Մենք պետք է բարեփոխենք Շենգենյան տարածությունը, որպեսզի այն նաեւ անվտանգության տարածություն լինի, ինչը նշանակում է Եվրոպական միության արտաքին սահմանների ամրապնդում, Շենգենի մեխանիզմի գործելու բարելավում, ներառյալ պատժամիջոցները նրանց դեմ, ովքեր չեն պահպանում իրենց պարտավորությունները, (մենք պետք է) նորացնենք այդ տարածության կառավարումը»,-հավելել է Մակրոնը:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը դեկտեմբերի սկզբին կներկայացնի Եվրոպայում ահաբեկչությանը հակազդելու նորացված ծրագիր: Աշխատանքի ուղղությունների թվում նա նշել է ահաբեկչության կանխումը եւ Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share