Բաժին. Տնտեսական

2020թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով

2020թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է առևտրի շրջանառության, բնակչությանը մատուցված ծառայությունների և շինարարության ծավալների կրճատումը: Աճ է արձանագրվել արդյունաբերական արտադրանքի ոլորտում։

Այսպես, հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.5%-ով, շինարարությունը նվազել է 13.3%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 12.5%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 12.8%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1 627 800.2 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2 276 901.7 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1 413 730.9 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 271 082.7 մլն ՀՀ դրամ։

Share