Տնտեսական

ԱՄՆ-ում «սև ուրբաթի» առցանց-վաճառքները դարձել են ռեկորդային

ԱՄՆ-ում սեզոնային «սև ուրբաթի» առցանց-վաճառքները հասել են ռեկորդային 9 միլիարդ դոլար, ինչը 22 տոկոսով ավելի է անցյալ տարվա ռեկորդից: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով Adobe Analytics-ի տվյալները:

Էլեկտրոնային առեւտրի կտրուկ ավելացում է դիտվել ինչպես խոշոր ռիթեյլերների, ներառյալ Walmart Inc.-ը և Target Corp.-ը, այնպես Էլ ոչ մեծ ընկերությունների մոտ:

Մեծ խանութներում վաճառքները Գոհաբանության օրը և «սև ուրբաթին» հինգ անգամ ավելացել են հոկտեմբեր ամսի միջին մակարդակի համեմատությամբ, ոչ մեծ ռիթեյլերներինը՝ չորս ու կես անգամ: Միեւնույն ժամանակ, այցելուների քանակությունը ԱՄՆ-ի ֆիզիկական խանութներում ընկել է 52 տոկոսով, քանի որ ռիթեյլերները փորձել են խուսափել մարդկանց կուտակումներից, վկայում են Sensormatic Solutions-ի տվյալները: Ինչպես նշում է RetailNext-ը, ոչ Էլեկտրոնային վաճառքների առավել մեծ նվազում է գրանցվել այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են ոսկերչական ապրանքները և կոշիկը:

Հագուստի վաճառքները ֆիզիկական խանութներում ընկել են 50 տոկոսով, տան համար ապրանքները՝ 39 տոկոսով: Չնայած այդ նվազմանը, «սեւ ուրբաթի» ժամանակաշրջանը կարող է ամենաակտիվներից մեկը դառնալ ընթացիկ տարում ԱՄՆ-ի ֆիզիկական խանութների համար, կարծում է Sensormatic Solutions-ի գլոբալ ռիթեյլի բնագավառում կոնսալտինգի գծով ավագ տնօրեն Բրայան Ֆիլդը: Նա կարծում Է, որ բազմաթիվ սպառողներ նախատոնական ժամանակաշրջանում անձամբ կգնան գնումների, բայց դրա համար կընտրեն աշխատանքային օրեր, երբ խանութներում այցելուներն ավելի քիչ են:

Adobe-ի վերլուծաբաններն սպասում են, որ կիբեռերկուշաբթին, որը հաջորդում է «սև ուրբաթին», առցանց-վաճառքների ամենախոշոր օրը կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ: Նրանց կանխատեսումների համաձայն, այդ օրը ծախսերը կկազմեն 10,8-12,7 մլրդ դոլար: Փորձագետներն ինտերնետ-վաճառքների կտրուկ ավելացումը բացատրում են այն բանով, որ սպառողներն սկսել են առցանց գնել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ սննդամթերքը և ալկոհոլը, որոնց համար համավարակից առաջ նրանք խանութներ էին գնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share