Տնտեսական

ՀՀ բանկերի աջակցությունը Շիրակի և Լոռու մարզերին շարունակական է

Հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀԲՄ–ն բանկերի հետ համատեղ իրականացրեց աջակցության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։

Շիրակի մարզի Քարաբերդի միջնակարգ դպրոցում թեև ուսումնական տարին մեկնարկել էր դեռևս սեպտեմբերից, սակայն գյուղի միակ դպրոցի 140 աշակերտ դպրոց չէր հաճախում: Պատճառը ոչ միայն համավարակն էր, այլ մայիս ամսին ուժեղ քամու հետևանքով քանդված տանիքը, ինչի պատճառով վնասվել էր նաև դպրոցի գույքն ու ներքին հարդարումը: Աջակցության ակնկալիքով Շիրակի մարզպետարանը դիմել էր նաև Հայաստանի բանկերի միությանը և հայաստանի բանկերին: Արձագանքն իրեն երկար սպասել չտվեց. արդյունքում տանիքն արդեն ամբողջությամբ նորոգված է, և դպրոցը վերադարձել է բնականոն աշխատանքի:

Ի դեպ, Հայաստանի բանկերի միության կողմից Շիրակի մարզի կրթության ոլորտի աջակցության ծրագրերի մեկնարկը տրվել էր դեռևս 2018թ, երբ ՀՀ բանկերի կողմից նախաձեռնվեց և իրականացվեց մարզի 24 դպրոցներում համակարգչային կարիքների ամբողջական ապահովման ծրագիր՝ ուղղված ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակների վերանորոգմանն ու կահավորմանը:

Աջակցության հերթական ծրագրով ՀԲՄ հաջորդ կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում էր: Այստեղ բանկերի աջակցությամբ կառուցվեց ֆուտբոլի նոր խաղադաշտի ցանկապատը:

Share