Տնտեսական

Հայտնի են Covid-19 –ի կանխարգելմանն ուղղված թվային լավագույն լուծումների մրցույթի հաղթողները

Հայտնի են Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կազմակերպած` Եվրասիական տարածքում Covid-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի տարածման կանխարգելմանը և բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված թվային լավագույն լուծումների մրցույթի արդյունքները:

«Արմենպրես»-ի արդյունքները Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում ներկայացրեց ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ ստացվել է ընդհանուր 163 դիմում՝ տարբեր ընկերություններից: 12 դիմում ստացվել է Հայաստանից, 17 դիմում՝ Բելառուսից, 58 դիմում՝ Ղազախստանից, 27 դիմում՝ Ղրղզստանից, 14 դիմում՝ Տաջիկստանից, 35 դիմում՝ Ռուսաստանից: Գնահատման համար հատուկ ստեղծվել էր փորձագետների խումբ, որում ներգրավվել են բանկի համապատասխան աշխատակիցներ: Ընտրվել են 16 եզրափակիչի մասնակիցներ, որոնց հետ լրացուցիչ խորհրդատվություն է անցկացվել:

«Մեր ուշադրութանն են ներկայացվել շատ ակտուալ թվային լուծումներ՝ Covid-19 համավարակի մարտահրավերի համար: Դրանք վերաբերվել են, օրինակ, հեռաբժշկությանը, բիզնես գործընթացների՝ օնլայն ռեժիմի անցմանը, հաճախորդների անհպում ծառայության անցմանը և այլն»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ հաղթողին ընտրելը հեշտ չի եղել:

Արդյունքում ընտրվել է 4 հաղթող: Առաջին հաղթող ծրագիրն է «Be to be cloud»-ը, Smart Staffing ընկերություն՝ Ռուսաստանից: Երկրորդը ծրագիրն է՝ «Forum Viar»-ը, Tentek ընկերություն`Ղազախստանից: Երրորդ հաղթող ծրագիրն է «Online doctor»-ը, Мобильные Медицинские Технологии ընկերություն՝ Ռուսաստանից: Չորրորդ ծրագիրն է «Online event space»-ը, PluseTDE ընկերություն՝ Բելառուսից:

Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ իրենց գաղափարների համար:

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա Առաջին եվրասիական hամագումարի շրջանակում, որը նախատեսվում է դեկտեմբերի 4-ին Մոսկվայում:

Աննա Գրիգորյան

Share