Տնտեսական

Տիգրան Սարգսյանը մանրամասներ հայտնեց «Ճանապարհորդություն առանց Covid-19-ի» ծրագրից

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց «Ճանապարհորդություն առանց Covid-19–ի» նախաձեռնության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սարգսյանը Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում մասնավորապես ասաց.

«Մեր խնդիրն է կորոնավիրուսի համավարակի առաջացրած սահմանափակումների համար գտնել այնպիսի թվային լուծումներ, որոնք թույլ կտան մեզ հաղթահարել այդ սահմանափակող խոչընդոտները, հատկապես ազատ տեղաշարժի խոչընդոտը, որ հիմա շատ խիստ հարվածում է տնտեսությանը»:

Սարգսյանի խոսքով՝ թվային պրոդուկտն արդեն պատրաստ է: Հավելվածը գրանցման փուլում է, որ մարդիկ կարողանան ներբեռնել իրենց սմարթֆոններում և օգտագործել: Հավելվածը հնարավոր կլինի ներբեռնել App Store-ում և Google Play-ում:
«Լաբորատորիաները, որտեղ մեր պոտենցիալ բուժառուները կարող են թեստ հանձնել, գտնվում են մեր ընդհանուր ցանցում: Մենք այդ լաբորատորիաներում ներդնում ենք ծրագիր, և երբ մարդիկ թեստ են հանձնում, ստանում են թվային պատասխան՝ QR կոդով իրենց սմարթֆոններով»,- ասաց Սարգսյանն ու հավելեց, որ միաժամանակ վերահսկող մարմինները հնարավորություն են ունենում կարդալ QR կոդը:

Նախաձեռնությունը քննարկվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Եվ որոշում է ընդունվել պիլոտային ծրագիր անել: Այս ծրագրին մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը և Բելառուսը: «Մեր ֆորումին (Առաջին եվրասիական համագումար-խմբ.) մասնակցելու համար պատվիրակություն կլինի Հայաստանից, Բելառուսից: Նրանք թեստ կհանձնեն իրենց երկրների այդ լաբորատորիաներում, կստանան QR կոդ, և Ռուսաստանում արդեն կկարդան այդ QR կոդերը»,- ասաց Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ այս փորձարարության արդյունքում արդեն կընդունվեն համապատասխան որոշումներ՝ ողջ եվրասիական միության տարածքում կիրառել-չկիրառելու համար: Փորձնական ծրագրի արդյունքները կներկայացվեն կառավարություններին: Դրանից հետո որոշումներ կկայացվեն:

Առաջին եվրասիական hամագումարը կկայանա դեկտեմբերի 4-ին Մոսկվայում:

Աննա Գրիգորյան

Share