Տնտեսական

Արկադի Խաչատրյանը տնտեսական ակտիվության վերականգնման համար կարևորեց քաղաքական կայունության հասնելը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի կարծիքով՝ երկրում քաղաքական կայունացումն ու անորոշությունների նվազումը բարվոք պայմաններ կստեղծեն տնտեսական ակտիվության վերականգնման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված խորհրդարանական լսումներում:

«Քաղաքական կայունացումն ու անորոշությունների նվազումը բարվոք պայմաններ կստեղծի տնտեսական ակտիվության վերականգնման, ֆինանսական կայունությունն ամրապնդելու համար: Հակառակ դեպքում աղետալի վիճակ կսպասի մեզ: Պետք է շատ արագ գործել, որ ժամանակ չկորցնենք: Անցումային կառավարությունը պետք է մշակի նոր անվտանգության ռազմավարություն՝ իր ռազմական, տնտեսական և սոցիալական բաղադրիչներով: Թիրախը պետք է լինի բոլոր ուղղություններով արդյունավետության կտրուկ բարձրացումը»,-ասաց Խաչատրյանը:

Նա շեշտեց՝ թե բանակում, թե տնտեսության մեջ պետք է լինել ավելի բարձր ու ուժեղ, քան մրցակիցներն ու թշնամիներն են: «Մենք դուրս ենք գալու այս իրավիճակից, մենք ուղղելու ենք մեր մեջքը՝ ազգովի, միասին, համատեղ՝ այս հարթակը ձևավորելուց: Մենք պատրաստ ենք լինել դրա առաջամարտիկներից մեկը»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ այդ հարթակին պետք է միավորվեն բոլոր կարող ուժերը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը ևս ելույթով հանդես եկավ, նշեց՝ խնդիրը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո ինչ պետք է լինի: «Քանի որ այս խորհրդարանը և այս Սահմանադրությունը չափազանց սահմանափակ ելքեր են ստեղծել, ապա պետք է կարողանալ ողջամտորեն այդ սահմանափակ ելքերի ներսում գործել: Ըստ էության միակ սահմանադրական և անցնցում ճանապարհը խորհրդարանի միջոցով առաջ գնալն է»,-ասաց Դիլբարյանը:

Նա նշեց, որ «անձ» չեն կարող ընտրել, պետք է ընտրեն ծրագրեր, վստահելու են գաղափարին, թիմին, մարդկանց:

Աննա Գրիգորյան

Share