Տնտեսական

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները մեկ տարում աճել են 0.8%-ով

Հայաստանում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի և շաքարավազի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի 1.9-20.5% գնաճով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Բանջարեղենի ապրանքախմբում այս տարվա նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 9.2% գնանկում, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 20.5% գնաճ, մրգի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 9.7% և 1.9% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ գներն աճել են 7.0%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.5%-ով (արևծաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ կազմել է 20.9%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 5.9%):

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում ընթացիկ տարվա նոյեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է 2.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2.0% գնաճ: Ձվի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 6.0% և 7.6%:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ գներն աճել են 26.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0%-ով, իսկ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում նույն ժամանակահատվածների համեմատ գրանցվել է 2.8% գնանկում և 0.5% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ գրանցվել է 10.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.4% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները 2020թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0.2%-ով, սուրճի, թեյի կակաոյի ապրանքախմբում գնանցվել է 0.1% գնանկում, իսկ մսամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Share