Տնտեսական

Դոնալդ Թրամփը ստորագրել է տնտեսության խթանման միջոցների փաթեթը եւ 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) բյուջեի նախագիծը՝ մինչեւ 2,3 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով, որը ներառում է տնտեսության խթանման՝ գրեթե 900 միլիարդ դոլարի փաթեթ՝ համավարակի կապակցությամբ: Դեկտեմբերի 27-ին այդ մասին իր Twitter-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը:

Նախագահի կողմից այդ փաստաթղթին հավանություն տալը թույլ է տալիս խուսափել այսպես կոչված «շաթդաունից»՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումից, որը կարող Էր սկսվել դեկտեմբերի 29-ին եւ կվերաբերեր մի քանի միլիոն պետական ծառայողների, եթե չընդունվեր ֆինանսավորման երկարաձգման մասին լրացուցիչ ժամանակավոր բանաձեւը:

Բացի դրանից, բյուջեի ընդունումը թույլ է տալիս երկարաձգել համավարակի պայմաններում գործազուրկների օգնության երկու ծրագրերի գործողությունը, որոնց գործողության ժամկետը լրացել է դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը: «Նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է H.R. 133-ը՝ օրինագիծ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա բյուջետային միջոցների հատկացման մասին, որը նախատեսում է անհետաձգելի օգնության եւ միջոցների տրամադրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,- հայտնել է Դիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share