Տնտեսական

Արցախում 2020 թվականի 1-ին կիսամյակի ՀՆԱ-ն նվազել է 1,5 տոկոսով

Արցախում տնտեսության բոլոր ճյուղերում անցած տարի արձանագրված տնտեսական անկումը հանգեցրել է 2020 թվականի 1-ին կիսամյակի ՀՆԱ-ի 1,5 տոկոսով նվազման՝ կազմելով  129,6 միլիարդ դրամ: Այս մասին նշել է Արցախի պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ 2021 թվականի պետբյուջեն խորհրդարանին ներկայացնելու  ընթացքում:

«Ըստ ոլորտների՝  արդյունաբերության ճյուղը արձանագրել է 3,7 տոկոս անկում, շինարարության ճյուղը՝ 14 տոկոս, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության  ճյուղը՝ 10,2 տոկոս իրական արտահայտությամբ անկում:  Անցյալ տարվա սեպտեմբերին պարտադրված պատերազմը իր կործանարար ազդեցությամբ հանգեցրեց տնտեսության անկմանը: Վերլուծելով որոշակի կանխատեսումներ՝ պայմանականորեն  արձանագրվել է, որ 2020 թվականի արդյունքներով կունենանք շուրջ 15 տոկոսի չափով ՀՆԱ-ի անկում: Նյութական արտադրության հիմնական ոլորտներում կանխատեսում են հետևյալ ցուցանիշները. արդյունաբերության արտադրության ծավալը կկազմի շուրջ 103 մլրդ դրամ՝ նվազելով 40%-ով, շինարարության ծավալը՝ 48 մլրդ  դրամ՝ ունենալով 26 տոկոսի  չափով անկում, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կկազմի շուրջ 51,3 մլրդ  դրամ, որը նախորդ տարվա համեմատ կնվազի 28-30 տոկոսի չափով: Կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 2021 թվականին կկազմի 224,5 մլրդ դրամ ՝ անկումը՝  շուրջ 25 տոկոսի չափով»,-մանրամասնել է Արցախի պետնախարարը՝ հավելելով, որ այս տարվա պետբյուջեի նախագիծը կազմվել է 2020-ի տարեսկզբի համավարակի և աշնանն ընթացած պատերազմի հետևանքները հաշվի առնելով:

Share