Տնտեսական

Ստեփանակերտի առաջին անհրաժեշտության սննդամթերքներից 4 -ի միջին գներն աճել են

Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում, 56 լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝ արձանագրվել է սննդային 4 ապրանքատեսակի միջին գների աճ:

Ըստ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հրապարակած տեղեկագրի՝ մարտի 1-ի դրությամբ՝ առևտրային օբյեկտներում  աճել է մասնավորապես շաքարավազի 1 կիլոգրամի միջին գինը՝ կազմելով 392 դրամ, նախորդ դիտանցման (15.02.2021) 390 դրամի փոխարեն: Աճել է  նաև տեղական  «Ոսկե կաթիլ» ձեթի 1 լիտրի արժեքը, որը կազմել է 918 դրամ նախորդ դիտանցման 898 դրամի փոխարեն: Ստեփանակերտի առևտրային  օբյեկտներում հայկական արտադրության «Բաղրամյան» տեսակի ալյուրի միջին  գինը 1 կիլոգրամի դիմաց կազմել է 358 դրամ՝ նախորդ դիտանցման 348-ի փոխարեն: Տեղական արտադրության ձվի 1 հատի միջին գինն աճել է 1 դրամով՝կազմելով 83 դրամ: Առաջին անհրաժեշտության սննդամթերքի մյուս ապրանքատեսակների միջին գներն անփոփոխ են մնացել:

Share