Տնտեսական

ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձել է ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացներին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումներին և նշեց, որ չի կարող նշել, թե երբ կնվազի դրա գինը, բայց «վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ»: «Մենք որևէ կերպով չենք կարող ինտերվենցիա ունենալ: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ու ասել՝ գինը իջեցրեք կամ բարձրացրեք: Մեր գործառույթը հետևյալն է. եթե կա չարաշահում՝ վարույթ հարուցել: Համաչափության իրավունքը և նրանց իրավունքները ևս պետք է պաշտպանվեն:

Երկրորդ, հաշվի առնելով Զատիկը և քաղաքացիների լայն հետաքրքրությունը, մենք գործողություններ ենք իրականացրել, որոնք մեր մարմնի համար ստանդարտ չեն համարվում: Եվ ցանցերի հետ ենք խոսակցություն ունեցել, և ձու արտադրողների: Դրա արդյունքում որոշակի պաշար մտավ շուկա, ու գինը որոշակի չափով նվազեց»,- ասաց Գևորգյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

ՏՄՊՊՀ նախագահը նկատեց, որ նախորդ տարի ձվի շուկայում եղել է դեմպինգի դրսևորում, որը հակամրցակցային պայմանավորվածություն է, որի հետևանքով  104 մլն դրամի տուգանք է նշանակվել: «Եթե այս դեպքում էլ մեր վարկածներից որևէ մեկը հաստատվեց, պատասխանատվություն վրա կհասնի»,- ասաց նա:

Share