Բաժին. Տնտեսական

ՀԿԵ-ն բեռնափոխադրումների անկում է գրանցում 2021 թվականի I եռամսյակում

2021 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 675,9 հազար տոննա բեռ, ինչը 4,9%-ով պակաս է, քան 2020-ի նույն ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, ընկերության գործառնական գործունեության հիմնական տեսակներից /բեռնափոխադրումներ և կայարանային վճարներ/ ստացված եկամուտները նվազել են 9,7%-ով:

Երկաթուղային արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում`2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 8%-ով, ներմուծումը` 33,4%-ով:

2021 թվականին նկատվող բեռնափոխադրումների նվազման պայմաններում գրանցվում է ուղևորափոխադրումների ծավալի աճ: Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում տեղական հաղորդակցությունում տեղափոխվել է 77,8 հազար ուղևոր, ինչը գրեթե 10%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարի միջազգային ուղևորափոխադրումներ չեն իրականացվել:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share