Տնտեսական

Շահութահարկի արտոնության ուժի մեջ լինելու ժամետը կերկարաձգվի 8 տարով

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործադիրը հնարավորություն է տալիս, որ հարկատուների մի խմբի համար շահութահարկի գործող արտոնության ուժի մեջ լինելու ժամանակահատվածը երկարաձգվի 8 տարով:

Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Պողոսյանը հիշեցրեց, որ հարկային օրենսգրքով կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող կազմակերպությունների խմբի համար արտոնություն է սահմանված: Շահութահարկի արտոնություն է սահմանված հարկ վճարողների այն խմբի համար, որի արտահանման և արտերկրում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար կատարած աշխատանքի հանրագումարը 40 մլրդ դրամ  և ավելի է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է՝ 18 տոկոսի փոխարեն: Իսկ եթե հատում է 50 մլրդ դրամի շեմը, ապա՝ ընհուպ 2 տոկոս դրույքաչափ է գործում: «Զուգահեռաբար հնարավորություն է տրված, որ արտերկրում բացառապես շինարարական և շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով ներգրավված վարձու աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտը հարկվի նորից նվազեցված՝ եկամտային հարկի 13 տոկոս դրույքաչափերով»,- ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ սակայն, այդ արտոնությունը ժամանակին ուսումնասիրվել է և որակվել որպես խնդրահարույց: Եվ ըստ այդմ Հայաստանը հայտնվել է երկրների համագործակցությունը գնահատող ռեյտինգային ցուցակում նախազգուշացնող հարթակում: Այդ ցուցակից դուրս գալու համար Հայաստանը հանձն է առել վերանայել օրենսդրությունը: Եվ 2018-ի հունիսի 21-ին ԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենք, որով այդ արտոնության վերջնաժակետը սահմանվել է 2021-ի դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո որոշակի զարգացումներ են եղել:

«Շահառու կազմակերպությունների խնդրանքով էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարել ԵՄ-ի գործընկերների հետ, և արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ այս արտոնյալ ժամանակահատվածը երկարացվի ևս 8 տարով: Հիշյալ պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար է ներկայացվել այս օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է արտոնյալ ժամանակահատվածը 2021-ի դեկտեմբերի 31-ի փոխարեն սահմանափակել 2029 թվականի դեկտեմբերի 31-ով՝ այսինքն հետաձգելով 8 տարով»,- նշեց փոխնախարարը:

Share