Բաժին. Տնտեսական

Հայփոստ. Նամականիշ՝ նվիրված «Հայկական ավանդական խոհանոց. Ղափամա» թեմային

Մայիսի 17-ին «Մեգերյան կարպետ»-ում տեղի ունեցավ Հայփոստ ընկերության «Հայկական ավանդական խոհանոց. Ղափամա» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:

Նոր նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահմանման ՀԿ» նախագահ Սեդրակ Մամուլյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Ողջունի խոսքում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյան շնորհակալություն հայտնեց հյուրերին և նշեց,- «Մենք նամականիշերի միջոցով աշխարհին ենք ներկայացնում մեր հարուստ մշակութային ժառանգությունը, որի անբաժանելի մասն է կազմում մեր ազգային խոհանոցը. այն արտացոլում է մեր ժողովրդի պատմությունը, ավանդույթները և ոգին: Այս նամականիշի վրա պատկերել ենք հայկական ավանդական ուտեստներից մեկը՝ ղափաման: Վստահեցնում եմ, որ ավանդական խոհանոցի վերաբերյալ նամականիշերի թողարկումը շարունակական է լինելու»:

300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայկական ավանդական «Ղափամա» ուտեստը:

Ղափաման լցոնած դդումով հայկական ուտեստ է, որը հիմնականում պատրաստում են աշնանը, ինչպես նաև Սուրբ Ծննդյան տոներին: Ազգային ավանդույթներով հաճախ մատուցվում էր հարսանեկան սեղանին՝ որպես առատության խորհրդանիշ: Ժամանակին միջուկը պատրաստել են նաև ձավարով, մսով, թարմ մրգերով, բայց ամենահայտնի տարբերակը դդումի մեջ լցոնած բրինձն է՝ չրեղենի, ընկուզեղենի ու մեղրի հետ:

Թողարկման օրը` 17 մայիսի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 30,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 6 հ.

Տպաքանակը՝ 30 000 հ.

Share