Տնտեսական

Ֆրանսիայի զարգացման գործակալությունը և Ազգային հիփոթեքային ընկերությունը մեկնարկում են բնակարանային էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլը

Ֆրանսիայի զարգացման գործակալությունը և Ազգային հիփոթեքային ընկերությունը մեկնարկում են բնակարանային էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլը
Ազգային հիփոթեքային ընկերության և Ֆրանսիայի զարգացման գործակալության միջև այսօր ստորագրվել է 20 մլն եվրոյին համարժեք վարկավորման պայմանագիր՝ ուղղված «Ջերմ Օջախ» բնակարանային էներգաարդյունավետ բարելավման ծրագրի ֆինանսավորմանը։ Պայմանագիրը ստորագրել են Ազգային հիփոթեքային ընկերության  գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը և Ֆրանսիայի զարգացման գործակալության՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի ներկայացուցչության տնօրեն Ռաֆայել Ժոզանը:

Ծրագրի նպատակն է խթանել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանների էներգաարդյունավետ բարելավումը, հատկապես՝ գյուղական բնակավայրերում և փոքր քաղաքներում։ Այս նախագիծը «Ջերմ Օջախ» ծրագրի առաջին փուլի շարունակությունն է, որը ֆինանսավորվել է Ֆրանսիայի զարգացման գործակալության 10 միլիոն եվրոյին համարժեք վարկային միջոցների և Եվրոպական միության 1,5 միլիոն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին: Այս ընթացքում մոտ 8000 տնային տնտեսություններ օգտվել են ծրագրային վարկերից, ինչպես նաև ԵՄ դրամաշնորհից, և բարելավել են իրենց կենսապայմանները:

Ծրագրի երկրորդ փուլում կրկնապատկվում է ֆինանսավորման ծավալը Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից և պայմաններ է ստեղծվում էներգաարդյունավետության շարունակական բարելավման, ինչը երկարատև դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Նոր ծրագրի միջոցները հասանելի կլինեն հանրությանը մատչելի պայմաններով՝ առնվազն 5 տարի մարման ժամկետով, վարկերի 275 հազար դրամից մինչև 3 մլն դրամ ծավալով։

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից հիփոթեքային շուկայի զարգացման, բնակարանային ֆինանսավորման հասանելիության ընդլայնման և կապիտալ շուկաների և հիփոթեքային ֆինանսավորման ինտեգրման նպատակով։

Ֆրանսիայի Զարգացման   գործակալությունը  Հայաստանում գործում է 2012 թվականից՝ իրականացնելով զարգացման նախագծերի ֆինանսավորում հիմնականում գյուղատնտեսության և տարածքային կառավարման, էներգաարդյունավետության բարելավման, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում և այլ ոլորտներում։

Share