Տնտեսական

Հայփոստը նոր մեքենաներով է համալրում իր ավտոպարկը

Հայփոստը 16 նոր ամենագնաց բեռնատարներ է ներմուծել՝ փոստփոխանակումը ավելի արագ և որակով իրականացնելու համար: Հատուկ փոստային նպատակների համար նախատեսված մեքենաները կբարելավեն փոստի լոգիստիկան դեպի մարզեր, հեռավոր գյուղական համայնքներ և հակառակ ուղղությամբ, կարագացնեն հասցեական առաքումների և արագացված փոստի ծառայությունների սպասարկման որակը:

Հիշեցնենք, որ Հայփոստը նպատակ է դրել կտրուկ բարելավել ներհանրապետական փոստի լոգիստիկան:

Ինչպես նշում է Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «Սա ևս մեկ քայլ է Հայաստանում փոստային կապի զարգացման համար: Մենք պետք է հնարավորինս կարճ ժամանակահատվածում մեր ծառայությունների որակով հավասարվենք եվրոպական փոստային օպերատորներին: Այսօր բերված 16 ամենագնաց մեքենաները հնարավորություն կտան առաքանիները ժամանակին հասցնել հեռավոր բնակավայրերի հասցեատերերին նույնից վատ եղանակային պայմաններում, նույնիսկ եթե տվյալ հատվածում ճանապարհները վատն են: Իսկ նախորդ ամիսներին ներմուծված ավտոմեքենաները նոր շունչ և որակ  կհաղորդեն փոստփոխանակման գործընթացին»: 

2020թ. հոկտեմբերից ի վեր Հայփոստի կողմից ձեռք բերված նոր մեքենաների թիվը կազմում է 39, որոնք նախատեսված են փոստփոխանակման տարբեր գործընթացներ իրականացնելու համար:

Share