Տնտեսական

ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով

ՀայՓոստ ՓԲԸ-ն հունիսի 8-ից սկսում է ընկերության վերաբրենդավորման գործընթացը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման և վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ և այլն:

Ինչպես ողջունի խոսքում նշեց ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «ՀայՓոստը միայն փոստ չէ, միայն նամակ ուղարկելու և ստանալու վայր չէ: ՀայՓոստը կառուցվող մեծ էկոհամակարգ է և հոլդինգ՝ իր լոգիստիկ և ֆինանսական ծառայություններով, նորարար և տեխնոլոգիական լուծումներով: Այս տրանսֆորմացիները ենթադրում են նաև տեսլականի, առաքելության և արտաքին տեսքի վերաիմաստավորում, ինչը կհամապատասխանի ՀայՓոստի որդեգրած նոր նպատակներին և արժեքներին: Արժևորելով նախկին բրենդի հսկայական փորձը՝ մենք ստեղծել է նորը, որն ավելի երիտասարդ է, ժամանակակից ու դինամիկ»:

Վերաբրենդավորման կարգախոսն է «Քո մարդիկ ամենուր», որի հիմքում մարդակենտրոնությունն է: ՀայՓոստը կարևորում է մարդուն. աշխատում է մարդկանց համար, մասնաճյուղերում և կոնտակտային կենտրոնում հաճախորդներին սպասարկում են մարդիկ, մարդիկ են իրականացնում առաքումները, նրանք են կանգնած յուրաքանչյուր պատվերի ետևում և նրանք են հանդիսանում ընկերության առանցքը:

ՀայՓոստի տեսլականն է. որպես Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր դառնալ Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում հուսալի և ժամանակակից փոստային, լոգիստիկ, ֆինանսական և պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակ:

ՀայՓոստի նոր ապրանքանիշը այժմ ճանաչելի կլինի նաև միջազգային ասպարեզում որպես Հայաստանի Փոստ՝ ՀայՓոստ, քանի որ լոգոտիպի վրա կլինի Հայաստանի Փոստ կամ Post of Armenia նշագրումը:

Share