Բաժին. Տնտեսական

Հայաստանում մեկնարկում է ԱԹՍ-ների հերթական արտադրությունը. ներդրումային ծրագիրը գնահատվում է 4,25 մլրդ դրամ

«ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» ՍՊԸ-ն ներառվել է «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում: Որոշման հիմնավորմամբ՝ ընկերությունը զբաղվելու է մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ և արտահանմամբ:

Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:

««Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 4,25 մլրդ դրամ:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 85 և ավելի նոր աշխատատեղ` շուրջ 450 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 550 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250քմ գրասենյակային տարածք «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 1000քմ մակերեսի հինգերորդ տարում»,- ասված է հիմնավորման մեջ:

Share