Տնտեսական

Տուրիզմն արթնանալու նշաններ է ցույց տալիս. ոլորտի կառույցները պետությունից ակնկալում են ակտիվ գովազդ

Հանրապետությունում զբոսաշրջության ոլորտը արթնանալու նշաններ է ցույց տալիս: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ թեպետ ոչ մեծ խմբերով, սակայն տարբեր երկրներից զբոսաշրջիկներ գալիս են, հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սկսում է աճել:

«Այցելուների կառուցվածքում առաջատարը Ռուսաստանն է: Ակտիվություն նկատվում է Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, արաբական երկրներից, Եվրոպայից: Շատ կարևոր է սահմանների բաց լինելը, ինչը և նպաստում է զբոսաշրջային այցերի ակտիվացմանը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Թեպետ ոլորտում տեղաշարժ կա, սակայն, ըստ Մեխակ Ապրեսյանի, դա չի նշանակում, որ ոլորտն ամբողջովին վերականգնվել է, և բոլոր խնդիրները լուծվել են: Նա կարևորեց կառավարության վերջին փոփոխությունները, որոնցով շարունակվելու է աջակցությունը զբոսաշրջության առանձին ոլորտներում գործող ձեռնարկատերերին, սակայն նշեց, որ այդ աջակցության հնարավորությունները պետք է ընդլայնել: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման մեջ՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում վերջիններիս գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջությունն այն ոլորտն է, որն ինչ-որ փուլից վերադարձնելու է այդ աջակցության գումարները:

«Ամեն ինչ պետք է անենք, որ վերականգնվելու, արթնանալու պրոցեսն ամրապնդվի, ոլորտը զարգանա, որովհետև ինչ-որ մի փուլից այն անպայման վերադարձնելու է ներդրածը: Կորոնավիրուսից հետո նոր վերաձևավորվող համաշխարհային զբոսաշրջային շուկայում մեր դիրքերը կամրապնդվեն, կընդլայնվեն, արդյունքում, ոլորտն անպայման իր հետևից կտանի տնտեսության մյուս ճյուղերը: Միանշանակ կնպաստի տնտեսության վերականգնման գործընթացին: Մի շատ կարևոր բան ևս, այն միայն տնտեսական նշանակություն չունի, այն լուծելու է շատ սոցիալական, մշակութային, քաղաքական հարցեր»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Ոլորտի կառույցներն ակնկալում են պետության աջակցությունը տարբեր ուղղություններով: Մեխակ Ապրեսյանը նախ առանձնացրեց միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի գովազդը, ինչը պետք է լինի բավական ակտիվ: Նրա խոսքով, սահմանները բացելու գործընթացում բոլոր երկրները ձգտելու են զբոսաշրջության համաշխարհային շուկայի հոսքն ուղղել դեպի իրենց, հետևաբար այստեղ Հայաստանը մարքեթինգային ակտիվ քաղաքականության կարիք ունի: Դա պետք է արվի միջոցները չխնայելով՝ գիտակցելով, որ դա ներդրում է, ոչ թե ծախս: Եվ, իհարկե, ֆինանսական աջակցությունը. Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ այստեղ թիրախային վարկային քաղաքականություն է անհրաժեշտ, որպեսզի անտոկոս վարկերի նպատակներն ընդլայնվեն:

Աննա Գզիրյան

Share