Տնտեսական

Արցախում մեկնարկել է հացահատիկայինների մթերման գործընթացը

Հանրապետությունում կազմակերպվում է հացահատիկայինների մթերման գործընթացը։ «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տեղեկատվության բաժնի պատասխանատու Լիդիա Եպիսկոպոսյանը:

Նրա հավաստմամբ՝ ելնելով հացահատիկային մշակաբույսերի արտադրության խթանման և իրացման գործում հողօգտագործողներին աջակցելու անհրաժեշտությունից՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը սկսվել է գարու և ցորենի մթերումը: Այն իրականացվում է Հիմնադրամի՝ Մարտունի, Մարտակերտ շրջկենտրոնների և Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի վարչական տարածքում գտնվող պահեստներում:

«Հանրապետության պահեստներում 1կգ գարու գինը 120 դրամ է, իսկ Հիմնադրամի հանդեպ ունեցած պարտքի դիմաց՝ 125 դրամ: Մթերվող գարու խոնավության թույլատրելի աստիճանը սահմանված է մինչև 12%: Սակայն հողօգտագործողների համար լրացուցիչ խնդիրներ չստեղծելու համար Հիմնադրամը կմթերի նաև 13-ից 14 տոկոս խոնավությամբ գարի, որի դեպքում գինը կլինի, համապատասխանաբար՝ 3-4 դրամով ցածր: Այնուամենայնիվ, Հիմնադրամը հորդորում է, որպեսզի հողօգտագործողները աշխատեն մթերել հնարավորիս ցածր՝ մինչև 12% խոնավությամբ գարի: Հանրապետության պահեստներում ցորենի համար սահմանված գինը 130 դրամ է, իսկ ԳԳԱ հիմնադրամի հանդեպ ունեցած պարտքի դիմաց՝ 135 դրամ: Մթերվող ցորենի խոնավության թույլատրելի աստիճանը 13 տոկոս է, աղտոտվածության թույլատրելի աստիճանը՝ մինչև 3 տոկոս»,- մեզ հետ զրույցում ասաց Լիդիա Եպիսկոպոսյանը:

Նրա խոսքով՝ մինչև հունիսի 27-ը ներառյալ մթերվել է 432.7 տոննա գարի և 234.6 տոննա ցորեն:

Share