Բաժին. Տնտեսական

Հունիսի 28-ին կայացել է հայ-իրանական գործարար համաժողով

Հունիսի 28-ին կայացել է Prom Expo և IPM ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հայկական և իրանական շուրջ 80 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Համաժողովին մասնակից ընկերությունները ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, սննդի, տեքստիլի, դեղագործության, բժշկական սարքավորումների արտադրություն և այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ։

Համաժողովի նպատակն է խթանել հայ-իրանական առևտրային հարաբերությունների զարգացումը, գործարկել ներկրման և արտահանման նոր ձևաչափեր, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ձևավորվել է կայուն համագործակցություն, և իրանական գիտահեն կազմակերպությունները պատրաստ են իրենց գիտելիքը, փորձն ու տեխնոլոգիաները փոխանցել հայկական կողմին՝ բարձրագույն տեխնոլոգիաների և նանոտեխնոլոգիաների ոլորտում ևս փոխգործակցելու նպատակով։

«Նմանատիպ համաժողովների կազմակերպումը հնարավորություն է ընձեռում ներկայացնել  այն ներուժը, որն առկա է իրանական կողմում և բարենպաստ հող պատրաստել այս ուղղությամբ երկկողմ համագործակցություն ձևավորելու համար», – նշել է դեսպանը։

Համաժողովի ընթացքում հայ և իրանցի գործարարների միջև կազմակերպվել են B2B հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են գործարար նոր կապերի ստեղծման հնարավորությունները։

Share