Տնտեսական

ՊԵԿ փոխնախագահը պարզաբանել է ավտոներկրողների բարձրացրած հարցերը

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը պարզաբանում է ներկայացրել ավտոներկրողների կողմից հունիսի 30-ին իրականացված բողոքի ակցիայի ժամանակ բարձրացված հարցերի վերաբերյալ:

ՊԵԿ նախագահի տեղակալը, անդրադառնալով մաքսային պահեստ բացելու հարցին, նշել է, որ մաքսային պահեստ Հայաստանում կարող է բացել ցանկացած տնտեսվարող, սակայն մաքսային պահեստը չի կարող լինել մաքսակետի տարածքում:

Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ մաքսային պահեստ բացելու չափանիշներն ու մաքսային պահեստի ռեեստրում գրանցվելու պայմանները պարզաբանված են մաքսային կարգավորման օրենքի 38-րդ, 39-րդ, 40-րդ հոդվածներով: Բացի այդ, կա նաև կառավարության որոշում, ըստ որի տնտեսվարողները դիմում են ՊԵԿ-ին, հավաքում են բոլոր փաստաթղթերը, որոնք համապատասխանում են մաքսային պահեստի չափանիշներին, որից սկսում են իրենց գործունեությունը:

Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ ներկայացված պահանջներից մեկը եղել է այն, որ մաքսակետի ղեկավարությունը բանակցի իրանական կողմի հետ այն հարցի շուրջ, որ ոչ թե իրանցիները բեռնափոխադրումներ իրականացնեն, այլ հայ վարորդները, ինչին ի պատասխան մաքսակետի ղեկավարությունը ասել է, որ «դա ՊԵԿ-ի գործառույթներից դուրս է, և դրանք բիզնես աշխարհի հարաբերություններ են»:

Իսկ երկրորդ խնդրանք-պահանջը եղել է այն, որ տնտեսվարողները հենց Մեղրի մաքսակետի տարածքում բեռնափոխադրման որոշ աշխատանքներ են ուզում իրականացնել: Այս հարցի վերաբերյալ ևս բացատրություն է տրվել, որ կան որոշակի գործառույթներ և մաքսակետում հնարավոր չէ տնտեսվարողների կողմից բեռնման և բեռնաթափման աշխատանքների ծառայություն մատուցել:

Share