Տնտեսական

ՀԿԵ-ն քննարկում է հայկական տուրիստական ընկերությունների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները

Հուլիսի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում տեղի ունեցավ ընկերության և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկաթուղային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները:

Առարկայական քննարկման ընթացքում ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հյուրերին ներկայացրեց երկաթուղու տուրիստական ներուժը, Գյումրիի երկաթուղային հանգույցի զարգացման ընթացիկ կամ նախատեսվող ծրագրերը, Վրացական երկաթուղու հետ համատեղ զբոսաշրջային հնարավորությունները:

Տուրօպերատորների կողմից առաջադրված հիմնական խնդիրները վերաբերում են առանցքային երկաթուղային կայարանների հիման վրա տրանսպորտային հանգույցների զարգացմանը: Մասնավորապես, քննարկվել են Գյումրու երկաթուղային կայարանի՝ որպես տրանսպորտային հանգույցի, զարգացման հնարավորությունները, կայարանի կապը Գյումրիի օդանավակայանի հետ, «մեկ տոմսի» գաղափարը, տուրօպերատորների կողմից ՀԿԵ-ի և նույնիսկ Վրացական երկաթուղու տոմսերի վաճառքի հնարավորությունը, «անիվների վրա» զբոսաշրջության զարգացումը:

«Ընկերությունը լուրջ է վերաբերվում ուղևորափոխադրումների զարգացման հեռանկարներին: Դրա մասին է վկայում միջազգային գնացքների ամբողջական նորացումը, ինչպես նաև 2017 թվականին սկսված ներքին փոխադրումների համար նախատեսված շարժակազմի արդիականացումը: Այս ամիս Հայաստան են բերվելու ևս երկու նոր էլեկտրագնացքներ, որոնք համալրելու են Երևանի և Գյումրիի միջև գործող նոր էքսպրես էլեկտրագնացքների շարքը: Արդեն այսօր Գյումրիի զբոսաշրջային ուղղությունը բավականին պահանջված է Հայաստանի քաղաքացիների և հյուրերի կողմից: Այս առումով մեր առջև խնդիր է դրված դիվերսիֆիկացնել և բարելավել երկաթուղու կողմից մատուցվող ծառայությունների որակը», – նշեց Ա. Մելնիկովը:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների բոլոր առաջարկները կքննարկվեն ՀԿԵ ղեկավարության կողմից և կտրվեն լուծումներ` հաշվի առնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունը, որակը և բազմազանությունը:

Երկաթուղու ղեկավարների հանդիպումները տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ շարունակական բնույթ կունենան:

Share