Տնտեսական

Հայաստանից՝ Աբու Դաբի. պարտադիր մեկուսացման պահանջը հանվել է

Հայաստանը ավելացվել է Աբու Դաբիի «Green list»-ում։ Սա նշանակում է, որ Հայաստանից  Աբու Դաբի ժամանող ուղևորներն այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից և կարիք կունենան միայն Աբու Դաբիի օդանավակայան ժամանելուն պես հանձնել ՊՇՌ թեստ: Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը:

Ավելի վաղ տեղեկություն եղավ այն մասին, որ Իսպանիան բացում է սահմանները Հայաստանի զբոսաշրջիկների համար: Հուլիսի 14-ից BLS Իսպանիայի վիզաների կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին: Բոլոր ցանկացողները կարող են դիմել վիզաների համար՝ նախնական հերթագրումով:

Համաճարակային իրավիճակի բարելավմամբ պայմանավորված Շվեդիան որոշում էր կայացրել հուլիսի 12-ից Հայաստանի բնակիչների համար մուտքի արգելքն ամբողջությամբ վերացնել։ Դա նշանակում է, որ ցանկացած անձ, ով կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար:

Հուլիսի սկզբին Գերմանիան վերանայել էր մի շարք  երկրների, այդ թվում Հայաստանի, քաղաքացիների մուտքի արգելքի սահմանափակումները: Նշվում է, որ յուրաքանչյուր ոք, ով բնակվում է այդ երկրներից մեկում, կարող է Գերմանիա մուտք գործել առանց ճանապարհորդության կարևոր պատճառի և անկախ պատվաստման կարգավիճակից:

Հունաստանը ևս մի քանի երկրի քաղաքացիների համար չեղարկել է կորոնավիրուսով պայմանավորված երկիր մուտք գործելու սահմանափակումները։ Այդ երկրների թվում է նաև Հայաստանը։ Մուտքի համար անհրաժեշտ է կամ պատվաստումը հավաստող անգլերեն լեզվով հավաստագիր կամ ժամանումից առաջ 72 ժամվա ընթացքում կատարված բացասական պատասխանով թեստ:

Share