Տնտեսական

ԱԶԲ-ն 2021 թվականին Ասիայի զարգացող երկրներում ՀՆԱ-ի աճի կանխատեսումներն իջեցրել Է մինչեւ 7,2 տոկոս

Ասիայի զարգացման բանկը (ԱԶԲ) Ասիայի զարգացող երկրներում տնտեսական աճի կանխատեսումն այս տարի նվազերել է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 7,2 տոկոս, «քանի որ կորոնավիրուսի նոր բռնկումները դանդաղեցնում են վերականգնումը տարածաշրջանի մի քանի պետություններում»: Այդ մասին ասված է այդ ֆինանսական կազմակերպության՝ հուլիսի 20-ին տարածված զեկույցում, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում:

Միեւնույն ժամանակ հաջորդ տարվա համար աճի կանխատեսումը 5,3 տոկոսից բարձրացված է մինչեւ 5,4 տոկոս: «Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերականգնումը COVID-19-ի համավարակից շարունակվում է, թեեւ գործընթացը մնում է անկայուն վերականգնվող բռնկումների, վիրուսի նոր տարատեսակների հայտնվելու եւ անհավասարաչափ պատվաստման ֆոնին»,- նշել է ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Յասույուկի Սավադան: Արեւելյան Ասիայի տարածաշրջանում 2021 թվականի համար աճի կանխատեսումը 7,4 տոկոսից բարձրացվել է մինչեւ 7,5 տոկոս Հոնկոնգում, մայրցամաքային Չինաստանում, Կորեայի Հանրապետությունում եւ Տայվանում ավելի ուժեղ, քան սպասվում էր վերականգնման ֆոնին:

Մասնավորապես, ՉԺՀ-ի համար զեկույցում հաստատվում է ավելի վաղ ապրիլին հնչեցված աճի կանխատեսումն այս տարի 8,1 տոկոսի մակարդակում եւ 5,5 տոկոս հաջորդ տարի «արդյունաբերության, արտահանման եւ ծառայությունների կայուն ցուցանիշների ֆոնին»: Ինչ վերաբերում է Հնդկաստանին, բանկի փորձագետները կարծում են, որ այդ երկրի տնտեսությունն ընթացիկ տարում կաճի 10 տոկոսով, ինչը 1 տոկոսային կետով ցածր է նախորդ սպասումների համեմատությամբ, որոնք հնչեցվել են ապրիլին:

«Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար կանխատեսումն այս տարի 2,3 տոկոսից բարձրացված է մինչեւ 2,4 տոկոս, ինչն արտացոլում է նավթի եւ հումքի գների աճը: 2022 թվականի կանխատեսումը մնում է 2,7 տոկոսի մակարդակում»,- նշված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share