Տնտեսական

Էկզոսկելետոնը ներմուծվում է, մինչդեռ դրանից արտադրվում է նաև Հայաստանում. «ՔայլՏեք»-ից ներկայացնում են իրավիճակը

«ՔայլՏեք»-ի տնօրեն, կինեզիոլոգ Դավիթ Արսենյանն անդրադարձել է էկզոսկելետոնի ներկրմանը, մինչդեռ դրանից արտադրվում է նաև Հայաստանում.

«Էկզոսկելետոնի դրսից ներմուծման հարցով իմ արդարացի դժգոհությունն այն չէ, թե ինչու ՔայլՏեք ընկերությունից չի կատարվելու ձեռքբերումը (մի կողմ դնենք տարիների արդեն իսկ կատարված աշխատանքը, սեփական ներդրումները, ջանքերը, անթիվ-անհամար դժվարությունները, ինչու չէ նաև ԲՏԱ-ի կողմից հատկացված դրամաշնորհը Էկզոսկելետոնի ծրագրի համար) և ոչ էլ ինքնանպատակ է պատկան մարմիների հետ կոնֆլիկտի գնալը: Ունեմ անչափ դժվարին, բայց նաև պարզ ցանկություն ու նպատակ՝ Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր, քանի որ սեփական փորձով ապացուցում եմ, որ մենք ունենք դրա բոլոր նախադրյալները:

2016թ. քառօրյա պատերազմից հետո ես նույն կռիվն էի տալիս, որպեսզի տղաներին ոչ թե ուղարկեն դրսում բուժվելու, այլ այդ նույն գումարներով Հայաստանում վերականգնողական բացենք: Արդյունքը՝ Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Centerը եղավ: Մի պահ պատկերացրեք, որ այն ժամանակ ինձ շարունակեին ասել, որ ես չունեմ լիցենզավորում, չունեմ միջազգային փորձ, չունեմ անգամ կրթություն (այդ ժամանակ դեռ չէի ավարտել) ու շարունակեին տղաներին ուղարկել Գերմանիա, Ռուսաստան կամ Իսրայել.. ի՞նչ կունենայինք այսօր…… Անկեղծ, մի պահ պատկերացրեք էլի:
«Կռիվս» այն է, որ ցավոք նույն իրավիճակը կրկնվում է նաև այսօր:
Այո, հիմա ինձ կասեն զինվորի առաջնահերթությունն ու պահի հրամայականը թելադրում է, որ պատվիրենք, քանի դեռ վիրավորումը թարմ է, պետք է գնել ու տրամադրել: Պարզապես կլռեմ, թե քանիցս եմ այս նույն հարցը ինքս բարձրաձայնել ու նշել կարևորությունը:
Ունենք այն, ինչ ունենք՝ իրավիճակ լի խնդիրներով, բացերով և անհասկանալի լուծումներով: Սակայն եթե կա նշված սրտացավությունը, հաշվի առնելով քառօրյա պատերազմից մինչև օրս ունեցած փորձս, անցած ուղիս ու հարցի առաջնահերթությունը՝ պետությանը և համապատասխան կառույցներին առաջարկում եմ հայկական նախագծման և արտադրության քայլքի իմիտացիա կատարող մեկ այլ սարք՝ «Քայլաբեր»-ը, որը իրականացնում է էկզոսկելետոնի գրեթե նույն քայլքի հետագիծը (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=7cCgWyugjIw…) և տարբերվում է զուտ չտեղաշարժվելով:
Այո, քանի դեռ վիրավորումները թարմ են, քայլաբերի օգնությամբ ավելի հեշտ կլինի կորցրած քայլքի ֆունկցիայի վերականգնումը կամ բարելավումը, ուստի առաջարկում եմ բոլոր զին.հաշմանդամներին հատկացնել անհատական թվայնացրած քայլաբեր սարք, մինչև որ հնարավորինս կարճ ժամկետներում էկզոսկելետոնը կներկայացնենք վերջնական տեսքով:
Ծրագրի իրականացումը թույլ կտար կազմակերպել հեռավար ռեաբիլիտացիա, սարքի թվայնացրած տարբերակն էլ թույլ կտա կատարել ամենօրյա մոնիթորինգ ու վերահսկողություն բուժման ողջ ընթացքում, իսկ խնայած գումարների հաշվին էլ ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի էկզոսկելետոն՝ զարկ տալով ինչպես հայկական արտադրության, այնպես էլ արդյունաբերական ու տեխնոլոգիական ոլորտային զարգացումներին:
Երևան, Արշակունյաց պողոտայում առկա է նաև պետությանը պատկանող Ոսկու գործարան, որը 2017թ. առ այսօր չի շահագործվում, սակայն հագեցած է արտադրական մեծ ծավալներ ապահովելու համար անհրաժեշտ բոլոր սարքերով ու հաստոցներով: Տրամադրեք այդ տարածքը մեզ, թույլ տվեք աշխատենք, արտադրենք, ստեղծենք, արարենք, ապահովենք մեծ ծավալներ և ինչի չէ նաև մենք արտահանենք հայկական վերականգնողական սարքեր արտերկիր` լինի էկզոսկելետոն, քայլաբեր թե արդեն իսկ առկա շուրջ 10 սարքերի տեսականին:
Մենք շարունակելու ենք մեր գործը՝ անկախ ամեն ինչից: Շարունակելու ենք սեփական ներդրումներով, շարունակելու ենք սրտացավ մարդկան օգնությամբ, ընկերներով ու հարազատներով, սակայն անչափ կարևոր կլինի այս ամենում տեսնել նաև պետության ներգրավվածությունն այս փուլում և այս կարևոր հարցում:

ՔայլՏեքի կողմից արտադրվող վերականգնողական սարքերի արդյունավետությունը և կիրառելիությունը պատրաստ ենք քննարկել ցանկացած մասնագիտացված թիմ(երի) հետ», – գրել է Արսենյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ներկայացրել էինք «ՔայլՏեք»-ի արտադրած հատուկ վերականգնողական սարքերը։ Սակայն սրանից հետո հայկական ընկերությունը լուրջ արտադրական ձեռքբերումներ է գրանցել՝ հարստացնելով առաջարկած սարքերի տեսականին ու դրանց ֆունկցիոնալությունը։ Ընկերության գործունեությանն առավել մանրամասն կարող եք հետևել այստեղ։

Share