Տնտեսական

ՊԳԿ. Սննդամթերքի համաշխարհային գները հուլիսին նվազել են

Համաձայն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) այսօրվա հաշվետվության տվյալների, պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն երկրորդ ամիսն անընդմեջ նվազում են: 

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է,  հուլիս ամսվա ընթացքում կազմել է միջինը 123.0 նիշ, ինչը 1.2 տոկոսով ցածր է հունիս ամսվա համեմատ, սակայն դեռևս 31.0 տոկոսով բարձր՝ քան 2020թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Հուլիս ամսվա ինդեքսի անկմանը նպաստել են հացահատիկների մեծ մասի, բուսական յուղերի և կաթնամթերքի գնառաջարկի նվազումը: 

ՊԳԿ հացահատիկի գնային ինդեքսը հուլիսին 3.0 տոկոսով ցածր է եղել հունիս ամսվա ցուցանիշից, ինչը հետևանք է եգիպտացորենի միջազգային գների 6.0 տոկոս անկման` պայմանավորված Արգենտինայում ավելի վաղ կանխատեսվող բերքահավաքի և ԱՄՆ-ում արտադրության բարելավման հեռանկարների հետ, չնայած նրան, որ Բրազիլիայում մշակաբույսերի ցանքատարածությունների ընդհանուր վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Այլ հացահատիկների գները, ինչպիսիք են գարին և սորգոն, նույնպես էապես նվազել են՝ պայմանավորված ցածր պահանջարկով: Ինչևէ, ցորենի գնառաջարկը 1.8 տոկոսով բարձր է եղել հուլիսին՝ հասնելով իր ամենաբարձ մակարդակին 2014թ.-ի կեսերից ի վեր: Սա մասամբ պայմանավորված է չորային եղանակային պայմանների վերաբերյալ ունեցած մտահոգությամբ և Հյուսիսային Ամերիկայում ցորենի ցանքատարածությունների ընդհանուր վիճակով: Միառժամանակ, բրնձի միջազգային գները գրանցել են երկու տարվա ամենացածր ցուցանիշը՝ պայմանավորված տարադրամի փոփոխություններով և վաճառքի թուլացմամբ, ինչը հետևանք է փոխադրումների բարձր գների և նյութատեխնիկական ապահովման հետ կապված խոչընդոտների:  

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2.8 տոկոսով՝ շարունակվող ամառային արձակուրդներով պայմանավորված հյուսիսային կիսագնդում շուկայահանման ավելի դանդաղ ընթացքի: Ամենամեծ անկումը գրանցել է յուղազերծված կաթի փոշին, որին հաջորդում են կարագը, չզտված կաթի փոշին և պանիրը: 

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը գրանցել է 5 ամսվա ամենացածր ցուցանիշը՝ հունիսի համեմատ նվազելով 1.4 տոկոսով: 

Հակառակ դրան, ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 1.7 տոկոսով՝ գրանցելով իր չորորդ ամիսն անընդմեջ աճը: 

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նույնպես աճել է նախորդ ամսվա համեմատ: Թռչնամսի գնառաջարկը ամենաշատն է աճել՝ պայմանավորված Արևելյան Ասիայից ներկրումների աճով և որոշ շրջաններում արտադրության ծավալների մեծացմամբ: Տավարի միսը նույնպես թանկացել է, ինչն արդյունք է Չինաստանից ներկրման ծավալների աճի և հիմնական արտադրող շրջաններում մատկարարման ծավալների նվազման: Միառժամանակ, խոզի մսի գինը նվազել է՝ պայմանավորված Չինաստանի կողմից ներկրման ծավալների նվազմամբ:

Share