Բաժին. Տնտեսական

Արմեն Գևորգյան. Հայաստանը հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքին մաս դառնալու պատմական հնարավորություն ունի

Տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի երկարատև և արժանապատիվ, զարգացման հնարավորությունները բոլոր երկրների համար պետք է լինեն շահավետ, իսկ տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերը պետք է լինեն համարժեք, պատմականորեն հիմնավորված և դրական:

Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանը:

«Այսօր Հայաստանը գտնվում է ուժեղ ճնշման ներքո տարածաշրջանային հաղորդակցության ուղիները բացելու համար: Եթե ներկայում առկա միտումները շարունակվեն, ապա Հայաստանի տարածքում բախվելու են բազմաթիվ արտաքին խաղացողների շահեր: Սա է իրականությունը, որը մեզ համար ձևավորում է նոր, ռեգիոնալ ռիսկեր: Այս իրավիճակն էլ ավելի չբարդացնելու համար մենք պետք է գործենք բաց և թափանցիկ, պետք է պարզենք՝ արդյո՞ք ռեգիոնալ ապաշրջափակման հարցով արտաքին ուժերի հետ դեռևս կան չհրապարակված պարտավորություններ կամ խոստումներ», – ասաց Գևորգյանը:

Պատգամավորի խոսքով` անգամ ճանապարհների ապաշրջափակման դեպքում կարելի է ձևավորել Արցախի և Հայաստանի շահերի համար նպաստավոր օրակարգ՝ օրինակ, խնդիր դնել Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր:

«Եթե վերոնշյալի շուրջ գործող իշխանություններն արդեն իսկ ունեն պարտավորություններ և գնալու են այդ ճանապարհով, ապա խորհրդարանի խնդիրն է օգտագործել առկա ողջ գործիքակազմը՝ այդ գործընթացի հետևանքները մեղմելու և հայ ժողովրդի համար բարենպաստ դարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում վտանգավոր միտումները կանխելու համար»,- ընդգծեց Արմեն Գևորգյանը:

Պատգամավորի համոզմամբ` Հայաստանը պատմական հնարավորություն ունի հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքին մաս դառնալու` Քաջարանի թունելի կառուցման ճանապարհով, ինչպես նաև ուժերի լարումով անցնել  գործնական քայլերի՝ Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմն ակտիվացնելու ուղղությամբ:

Share